Search
Close this search box.

«Շնորհավորում եմ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի զգալի թանկացման առթիվ»․ Նաիրա Զոհրաբյան

Փետրվարի 1-ից կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաեւ բնական գազը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Շնորհավորում եմ գազի, ջրի եւ էլեկտրաէներգիայի զգալի թանկացման առթիվ։ Երբ մինչհեղափոխական Հայաստանում փորձ արեցին մարշրուտկայի երթեւեկության գինը 50 դրամով բարձրացնել, երեւանյան փաբերի 200 դրամանոց պիվայի կոնտիգենտ «մտավորականությունն» ու արեւմտյան գրանտային սեգմենտը սկսեցին 100 դրամների ազգային-ազատագրական շարժումը, որը պսակվեց ապստամբ հեղափոխականների հաղթանակով՝ մարշրուտկայով երթեւեկելու գինը մնաց 100 դրամ ու առ այսօր մարդիկ, ֆիտոֆտորոզի հանդեպ կայուն իմունիտետ ունեցող «Ավրորա» տեսակի կարտոֆիլի նման, իրար վրա բարձված շարունակում են երթեւեկել։

Եւ ահա լավ լուր՝ պաշտոնապես 33, իսկ իրականում մոտ 60 տոկոս աղքատություն ունեցող Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար։ Փետրվարի 1-ից կթանկանա էլեկտրաէներգիան, ջուրը արդեն թանկացել է, իսկ ապրիլի 1-ից կթանկանա նաեւ բնական գազը։

Տեղեկացնեմ, որ ապրիլի 1-ից սահմանի վրա ռուսական գազի գինը կլինի 173,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ ներկրվող գազի գինը կավելանա 8,3 ԱՄՆ դոլարով՝ կամ 5 տոկոսով, ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար (տարեկան մինչև 600 խորանարդ) բնական գազի սակագինը 1 խմի հաշվով կկազմի 133,1 ՀՀ դրամով, այսինքն՝ կավելանա 33,1 տոկոսով կամ 33.1 ՀՀ դրամով, ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով, վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ հաշվով կկազմի 277,3 ԱՄՆ դոլար, այսինքն՝ կավելանա 23,8 տոկոսով կամ 53.3 ԱՄՆ դոլարով եւ այսպես շարունակ։

Բայց, չգիտես ինչի, էս ամենից տրամադրությունս մի տեսակ հեչ չի ընկնում։

Երեւի այն պատճառով, որ այն, ինչ տեղի է ունենում եւ դեռ տեղի է ունենալու՝ արդար է ու որովհետեւ այս իշխանությունն ամենարդար բանն էր, որ պիտի տեղի ունենար մեզ հետ»,- գրել է նա։

Please enter a valid URL