«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագների վերանայման հայտով: Այս մասին նշված է պաշտոնական հայտարարությունների Azdarar.am կայքում:
Նշվում է, որ համաձայն «Գազպրոմ Արմենիա»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի միջև կնքված 2014-2021 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման համապատասխան համաձայնագրի՝ 2022 թ. ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետություն առաքվող բնական գազի փաստացի գինը սահմանվում է հավասար 165 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում և 177,53 ԱՄՆ դոլար հազար խորանարդ մետրի դիմաց՝ 8500 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում:
«Միաժամանակ, եթե բնական գազի ստորին ջերմատվության փաստացի ամսական միջին կշռութային մեծությունը լինի բարձր կամ ցածր 8500 կկալ/խմ, գինը համապատասխանաբար կփոփոխվի ուղիղ համամասնորեն այդ փոփոխությանը: Այդ կապակցությամբ, 2022թ. ապրիլի 1-ից «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի կողմից Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով»,- նշված է հաղորդագրության մեջ: