Search
Close this search box.

Անհետ կորած զինծառայող Նորիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է քրեական գործ. փաստաբան

ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերում ծառայող Նորիկ Մկրտչյանի մասին 2021 թվականի մայիսի 14-ից հարազատները լուր չունեն:

Իրավաբան.net-ը թեմայի շուրջ խոսել է փաստաբան Լուսինե Վիրաբյանի հետ, ով հանդես է գալիս, որպես մոր կողմից լիազորված անձ և որպես Նորիկ Մկրտչյանի պաշտպան:

Փաստաբանի խոսքով՝ 2021 թվականի փետրվարին Նորիկը զորակոչվել է ծառայության, ծառայել է մինչև մայիս: Վերջին անգամ մոր հետ հեռախոսազրույց է ունեցել մայիսի 14-ին, և դրանից հետո մայրը որևիցե լուր չունի, միայն մայիսի 18-ին ծնողին հայտնել են, որ Նորիկը չկա:

«Ըստ ՊՆ ներկայացուցիչների ներկայացրածի, ըստ վարկածի՝ Նորիկն ինքնակամ լքել է զորամասը և արդեն 8 ամիս է որևէ տեղում չի հայտնաբերվել, ծնողը չունի որևէ նորություն, չունի որևէ մեկի աջակցությունը: 18 տարեկան զինծառայողը չի կարող 8 ամիս շարունակ առանց գումարի թաքնվել, եթե դա կոչվում է փախուստ, կամ եթե թաքնվում է: Երևի թե, հրամանատարական կազմը որոշակի առումով կանոնակարգված հսկողություն չի իրականացրել, պարզ չէ թե ինչ է կատարվել, ինչ պայմաններում է Նորիկն անհետացել»,-ասաց Լուսինե Վիրաբյանը:

Նա նշեց, որ վարկածները մի քանիսն են և մի քանի կցկտուր տեղեկատվություններ ունեն, սակայն չեն կարող բարձրաձայնել՝ նախաքննության շահերից ելնելով:

«Ամեն դեպքում այն վարկածը, որ զինծառայողը թաքնվում է՝ այնքան էլ հակված չենք դրան, որովհետև կարող էր թաքնվել մեկ օր, մեկ շաբաթ կամ մեկ ամիս, բայց ոչ 8 ամիս շարունակ կապ չհաստատեր ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ և առանց աջակցության կարողանար ամիսներ շարունակ թաքնվել: Փաստացի ունենք այս իրավիճակը՝ տղային ծնողն ուղարկել է ծառայության, ով այս պահին անհետացել է, չկա: Ուղղակի չկա ու որևէ մեկը պատասխան չի տալիս»,-ասում է փաստաբանը:

Վիրաբյանը նշեց, որ Նորիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դասալքության համար: Հուլիս ամսին հարուցվել է քրեական գործ: Ռազմական ոստիկանության կողմից հայտարարվել է հետախուզում:

Փաստաբանն ասաց, որ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու:

«Խոսքը վերաբերում է նրան, որ զինծառայողը եղել է նորմալ, հանգիստ պայմաններում, այդ ժամանակ պատերազմական իրավիճակ չի եղել ու առ այսօր ծնողը որևէ տեղեկատվություն չունի իր երեխայի մասին, այսինքն անհետացել է: Այն, որ հարուցված է քրեական գործ, որևէ մեկին, որևէ պետական մարմնի չթվա, որ քրեական գործ հարուցելով կարող են քողարկել ենթադրաբար որևէ գործողություններ: Ծնողը դրան էլ է համաձայն, եթե երեխան ողջ-առողջ է, թող բերեն, թող պատասխանատվության ենթարկեն, եթե կատարել է որևէ հակաօրինական արարք: 8 ամիս շարունակ ի՞նչ է անում իրավապահ մարմինը»,-ասաց նա:

Please enter a valid URL