Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ նաև երկրի ապաօլիգարխացման լոզունգներով՝ խոստանալով, որ տնտեսական և քաղաքական իշխանությունն այլևս տարանջատված կլինի, և խոշոր սեփականատերերը զրկված կլինեն Հայաստանի քաղաքական և իշխանական վերնախավի նկատմամբ ունեցած ազդեցությունից, քաղաքական օրակարգ թելադրելու հնարավորությունից:
Իրականությունը պարզվեց շատ ավելի պարզունակ է. Փաշինյանին հեղաշրջում կազմակերպելու գործում ակտիվ աջակցություն ցուցաբերած Խաչատուր Սուքիասյանը բոլոր օլիգարխներին կտրեց իշխանությունից, փաստացի վերածվելով երկրի միակ օլիգարխի:
Հիմա երկրում կա մեկ գերօլիգարխ, ով իր մտերիմին կարգել է խորհրդարանի նախագահ, ի դեմս բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանի` ներկայացուցիչ ունի գործադիր իշխանությունում, Գագիկ Ջհանգիրյանի միջոցով տոտալ վերահսկողություն ունի դատական համակարգում, իսկ վերջերս էլ իր ձեռքը վերցրեց Երևանի քաղաքապետարանը:
Տիրապետելով անսահմանափակ իշխանության և ֆինանսական ռեսուրսի, Սուքիասյանն, ըստ էության, թելադրում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Լինելով ակնհայտ թուրքամետ գործիչ, նա Հայաստանը տեսնում է որպես թուրքական աշխարհի մի մաս՝ համարելով, որ թուրքական աշխարհին սերտ ինտեգրումը մեծ փող աշխատելու և ունեցած կարողությունն ավելացնելու հսկայական հնարավորություն է ստեղծելու: Կարելի է ասել՝ Սուքիասյանը Հայաստանի թուրքական ուղղության գաղափարախոսն է և պատահական չէ, որ նա հենց Եռաբլուրում խոսեց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցման մասին՝ համոզելու համար, որ հազարավոր հայ երիտասարդների սպանած թուրքաադրբեջանական տանդեմը մեզ համար թշնամի չէ:
Սակայն, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, Ռուսաստանը ի դեմս այդ երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինի, նախանշել է, որ հետխորհրդային տարածքը համարում է Ռուսաստանի ազդեցության գոտի, և Ղազախստանի իրադարձությունները ցույց տվեցին, որ Պուտինը պատրաստ է անգամ ռազմական ուժի բացահայտ կիրառմամբ պահպանել այդ ազդեցության սահմանները: Առաջիկա ամիսներին և տարիներին մենք ականատեսն ենք լինելու հետխորհրդային տարածքում Ռուսաստանի և Թուրքիայի բացահայտ բախման այլ դրսևորումների ևս, այդ թվում նույն Ղազախստանի համար մղվող պայքարում, որը ամենևին չի ավարտվել: Սակայն մեզ հետաքրքրում է առաջին հերթին Հայաստանը:
Ֆորմալ առումով Հայաստանի գործող իշխանությունը լոյալ է տրամադրված Ռուասատանի նկատմամբ, և պետք եղած դեպքում պատրաստ է նույնիսկ սատարել Ռուսաստանի իշխանություններին: Մինչդեռ իրականությունն այն է, որ Հայաստանի թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունը հեղեղված է հակառուսական տարրերով, և նրանք առիթ և հնարավորություն են փնտրելու Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու համար: Ռուսաստանի իշխանությունները ևս հասկանում են, որ Հայաստանի իշխանությունների լոյալությունը ընդամենը հարկադրվածության արդյունք է, և ցանկացած պահի, իրավիճակը կարող է փոխվել իրենց դեմ:
Այս իմաստով Ռուսաստանի համար ամենամեծ վտանգը ներկայացնում է հենց Գերագույն գլխավոր օլիգարխ Խարատուր Սուքիասյանը, ով իր ֆինանսական և տնտեսական շահերով կապված է Արևմուտքի, այդ թվում Թուրքիայի հետ: Ռուսները հասկանում են, որ Հայաստանի համար ռուս-թուրքական հակամարտության ժամանակ իրենց գլխավոր հակառակորդը լինելու է Սուքիասյանի գլխավորած քաղաքական-տնտեսական խմբավորումը: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Ռուսաստանը կտրուկ արգելեց Սուքիասյանին պատկանող ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ՝ հասկացնելով, որ չի պատրաստվում ֆինանսավորել Ռուսաստանի դեմ գործող խմբավորմանը:
Հայ հասարակությունն ընտրության մեջ հնարավորություն չունի, կամ եթե ավելի անկեղծ՝ ընդհանրապես զրկված է ընտրության հնարավորությունից, որովհետև ամենևին մեր ընտրությունից չի կախված, թե Հայաստանն ում բաժին կհասնի`Ռուսաստանի կողմից ստեղծվող միութենական պետությանը, թե կդառնա Թուրքական աշխարհի մի մաս:
Այդ պայքարն ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև և իրերի ներկա ընթացքը ցույց է տալիս, որ հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունի հենց Ռուսաստանը, ով օժտված է ավելի մեծ ռազմական և ֆինանսական ռեսուրսով: Ռուսաստանը գործում է բացահայտ և առանց իր նպատակները թաքցնելու: Հետխորհրդային տարածքի համար պայքարը մտել է վճռորոշ փուլ և հաղթողը որոշվելու է առաջիկա մեկ երկու տարիների ընթացքում: Իսկ որ Ռուսաստանի հաղթանակի դեպքում Հայաստանի ապաօլիգարխացումը կամ որ նույնն է ապագռզոյացումը այլընտրանք չունի՝ ևս անվիճելի է:
ArmLife.am