Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող «Անպտղության հաղթահարման ծրագրին» դիմած՝ 44-օրյա պատերազմում զոհված, պատերազմի հետ պատճառական կապով մահացած զինվորների, կամավորների մայրերից երկուսն արդեն երեխա են ունեցել, իսկ 27 կին հղիացել է։ Այս մասին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:
«Ծրագրի այս բաղադրիչը հաստատվեց 2021 թվականի փետրվարին, և դեռ տարին չի լրացել, բայց արդեն ունենք լավ արդյունքներ: Վստահ եմ, որ թիվն օր օրի պիտի փոխվի: Ծրագրի այս բաղադրիչի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Արդեն շուրջ 200 շահառու դիմել է: Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը և նոր կյանք պարգևել»,- ասաց Նունե Փաշայանը:
Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ իր հերթին նշեց, որ վերարտադրողական բժշկության բուժական պրոցեսները երկար են տևում՝ միջինը 1.5 տարի:
«Ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե բուժական, թե հոգեբանական առումով: Դժվար փուլ է, որովհետև զույգերը սթրեսային վիճակում են, առողջական խնդիրներ ունեն, նույնիսկ հետազոտություններից հետո քաղցկեղ է հայտնաբերվել, սակայն հաղթահարում ենք»,- ասաց Էդուարդ Համբարձումյանը: