Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ, հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը, մտքեր են փոխանակվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընթացքի վերաբերյալ: Ընդգծվել է խաղաղապահ կոնտինգենտի գործողությունների արդյունավետ համակարգումը, ինչը նպաստել է Ղազախստանում իրավիճակի նորմալացմանը:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի ընդունած հայտարարություններում ֆիքսված պայմանավորվածությունների կատարման շուրջ որոշ հարցեր:
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: