Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ռանչպար գյուղի բնակիչ, 88-ամյա Անիչկա Մ.-ն է:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, վիրավորը, գտնվելով իր տան բակում, կրակոցների ձայներ է լսել, որից հետո նկատել է, որ աջ սրունքի փափուկ հյուսվածքից արյուն է հոսում և հասկացել է, որ վնասվածքը ստացել է անհայտ որսորդի անզգուշաբար կրակոցից: Արդեն ժամանելով դեպքի վայր, Մասիսի ոստիկանները՝ հետաքննական
բաժանմունքի ավագ հետաքննիչ Հալաբյանի գլխավորությամբ, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են 1 հատ կապարե կոտորակ:
Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ որս կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ Մասիսի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: