Թուրքիան բոլորին կոչ է անում զգույշ գործել նախքան ՆԱՏՕ-ՌԴ Խորհրդի նիստը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը։ Հայտնում է Tass.ru-ն։
Նրա խոսքով, այժմ ճգնաժամը խորացել է, սակայն այս թեման շարունակվում է մի քանի տարի․ «Խոսքը վերաբերում է Ղրիմին, Ուկրաինային և Դոնբասին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ընդունում Ղրիմի բռնակցումը, դա ասել է առաջին հերթին մեր նախագահը։Մեր քաղաքականությունը պարզ է, մենք կողմ ենք խաղաղությանը և բանակցությունների միջոցով խնդիրների լուծմանը։ Յուրաքանչյուր հանկարծակի գործողություն կարող է ինչ-որ իրադարձությունների շղթայի պատճառ դառնալ։ Դա կարող է որոշ տհաճություններ առաջացնել, հետևաբար մենք նորից ու նորից ասում ենք մեր զրուցակիցներին, որ շատ կարևոր է գործել զգույշ» ։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Ժնևում նախատեսված է ՌԴ-ԱՄՆ բանակցություններ՝ ուղղված անվտանգության երաշխիքներին։ Հունվարի 12-ին էլ ՌԴ-ն բանակցելու է անվտանգության մասով իր մտահոգությունների շուրջ Եվրոպայում, քննարկվելու են նաև անվտանգության երաշխիքներին վերաբերող ռուսական նախաձեռնությունները Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ՌԴ Խորհրդի նիստի ժամանակ, իսկ հունվարի 13-ին էլ՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ։