Փարաքարի ավագանու այսօրվա նիստում «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները եւ լքեցին նիստերի դահլիճը:
«Մենք բոլորս մանդատները վայր ենք դնում ու դուրս ենք գալիս, դուք ուզում եք քվեարկեք, ձեր խնդիրն է, Աստծու առաջ բոլորս պատասխան ենք տալու ինչ-որ մի օր, ցտեսություն ձեզ»,-ասաց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը:
Ավագանու անդամները դահլիճից դուրս գալուց բացականչեցին. «Կեցցե ժողովրդավարությունը»:
«Դավիթ Մինասյան» եւ ՔՊ խմբակցության անդամները միասին առաջադրեցին Դավիթ Մինասյանի թեկնածություն համայնքապետի պաշտոնում;
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ եւ 10 ձայնով իրենց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:
Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաեւ ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել:
Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։