Search
Close this search box.

ՌԴ օդատիեզերական ուժերն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում հայ զինծառայողների տեղափոխումը Ղազախստան

Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը:

Նշվում է, որ նրանց տեղափոխումն իրականացվել է Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից՝ ռուսական Իլ-76 ինքնաթիռներով: Հայ զինծառայողներին տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել Ալմաթիի օդանավակայանում:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր:

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ երկրում անհրաժեշտ է հակաահաբեկչական գործողություններ իրականացնել և օգնության համար դիմել էր ՀԱՊԿ-ին: Ի պատասխան դիմումի՝ հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց կազմում են նաև 100 հայ զինծառայողներ:

Please enter a valid URL