Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. նախկին գյուղապետը՝ տեղում, իսկ նրա կինը՝ հիվանդանոցում, մահացել են

Այսօր՝ հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:30 –ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 51-ամյա Արա Սահարյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և մոտ 50 մետր, մի քանի պտույտ քարերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է կամրջի տակ՝ երկաթգծի հարևանությամբ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Սահարյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ , 44-ամյա Միլենա Ասատրյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Մինչ փրկարարները դեպքի վայրում հոսանքազրկում էին ավտոմեքենան, փակում գազաբալոնը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Թալինի բաժին, որ Մ. Ասատրյանը նույնպես մահացել է: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել են մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանն ու Թալինի քննչական բաժնի պետ Խաչատրյանը:

Փաստի առթիվ Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպսրտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով պետք է դուրս բերվի և տեղափոխվի ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին:

Ամուսինն էլ նախկինում աշխատել է Բաղրամյան համայնքի ղեկավար:

Please enter a valid URL