ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի գրառումը․ «Բազմաթիվ հարցադրումների հանդիպեցի, թե որն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը Ղազախստան զորախումբ ուղարկելու հարցում։
Հստակ և պարզ նշում եմ՝ «Հայաստան» խմբակցությունը համոզված է, որ Հայաստանը չպետք է խոչընդոտեր Ղազախստան ՀԱՊԿ զորախումբ գործուղելուն, բայց որևէ հայ զինծառայող չպետք է մեկներ այդ երկիր՝ շատ հասկանալի պատճառով. Ղազախստանը 44-օրյա պատերազմի ժամանակ հստակ ադրբեջանամետ դիրքորոշում ուներ։ Ղազախստանը շնորհավորել է Ադրբեջանին նոյեմբերի 9 ին։
Կարծում եմ՝ մեր դիրքորոշումն ավելի քան պարզ է և հստակ։
Իմ կողմից ավելացնեմ, որ մենք այս իրավիճակում, երբ պատերազմի վերքերը չենք բուժել, հետևանքները չենք հաղթահարել, անգամ մեկ զինվոր չպետք է ուղարկենք արտերկիր, այն էլ Ղազախստան, որտեղ ընդամենը ներկլանային հարցեր են լուծվում։ Կրկնում եմ, ոչ թե միջկլանային, այլ ներկլանային»։