«Մենք պատասխանատվություն ենք վերցրել: Թերեւս պատմության մեջ առաջին անգամ կիրառեցինք ՀԱՊԿ մեխանիզմները և ցույց տվեցինք, թե ինչպես պետք է այն աշխատի։ Հուսով ենք, որ եթե Հայաստանը ապագայում հայտնվի նույն իրավիճակում, ապա կստանա համապատասխան օգնություն»։ Սրանք Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն են։
ՀԱՊԿ-ի կազմում Ղազախստան հայկական զորախումբ ուղարկելու հարցը դժգոհություն է առաջացրել Հայաստանի հանրային-քաղաքական շրջանակներում։ Իսկ «դիմադրության շարժում» հռչակած Քոչարյանի շուրջ համախմբված ուժերն ու մեդիան կենտրոնացան 2008 թվականի մարտի 1-ի հետ զուգահեռներ անցկացնելու վրա, ըստ էության չառարկելով Ղազախստան զորք ուղարկելուն։
Եվ իզուր։ Դատելով Արմեն Գրիգորյանի խոսքերից՝ գործող իշխանությունը նման որոշում է կայացրել «նույն իրավիճակում» օգնություն ստանալու ակնկալիքով։ Այսինքն՝ եթե հունվարին, ինչպես խոստացել էին, Հայաստանում սկսվի «դիմադրության շարժումը», նույն մեխանիզմները կգործարկվեն։ Եվ կապ չունի, թե ում վրա են կրակում՝ յուրայինների, թե ուրիշների վրա։
Հնարավոր է, Հայաստանը կփորձի յուրացնել ղազախական մեկ այլ առանձնահատկություն՝ «հրաման եմ տվել կրակ բացել առանց նախազգուշացման», ասել է նախագահ Տոկաևը ՀԱՊԿ զորքերի ժամանումից հետո։
Կրակելը հատուկ քաղաքական, քաղաքակրթական մշակույթի ցուցիչ է։ Հիշվում է, որ Սասնա ծռերի ժամանակ և թավշյա հեղափոխության առաջին օրերին Ռուսաստանից համառ կոչեր էին հնչում «ապստամբությունն արյան մեջ խեղդելու» մասին, բայց հայերի քաղաքական մշակույթը թույլ չէր տալիս անցնել եղբայրասպան պատերազմի շեմը։ Սեփական ժողովրդի վրա «կրակ բացելը» ՀԱՊԿ երկրների ավտորիտար ռեժիմների տարերքը, մշակույթն է, և Հայաստանի ներկայիս իշխանությունը ներգրվում է այդ մշակույթի մեջ։ «Դիմադրության շարժումը» պետք է պատրաստ լինի դրան։
lragir.am