ԱՄՆ Պետքարտուղարությունը հույս է հայտնել, որ Ղազախստանի իշխանություններից փաստարկված պատասխան կստանա, թե ինչով էր պայմանավորված ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի մուտքը երկիր: EADaily-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ Պետքարտուղարության խոսնակը հանդես է եկել արտաքին ուժերի միջամտության մասին հայտարարության ֆոնին:
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ուժերի տեղակայմանը, առաջին հերթին հնարավորություն կտանք Ղազախստանի կառավարությանը պատասխանել այդ հարցերին: Մենք իրավունք ենք տալիս Ղազախստանի կառավարությանն արտահայտվել երկրում օտարերկրյա զորքերի տեղակայման փաստարկման մասին», -ասել է Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հարցեր ունի՝ կապված այդ տեղակայման հետ:
Վերջինս մեկնաբանել է, որ Վաշինգտոնի կարծիքով՝ Ղազախստանը, Ղազախստանի կառավարությունը սեփական ռեսուրսներ ունի և լավ ամրապնդված կառավարություն է:
Փրայսն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևելու է մարդու իրավունքների ցանկացած խախտմանը և արտասահմանյան ուժերի կողմից տեղի հաստատությունները գրավելուն ուղղված քայլերին:
Հիշեցնենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) հավաքական անվտանգության խորհրդի՝ 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը: