Մի շարք հասարակական կազմակերպությունների եւ քաղհասարակության ներկայացուցիչների արձագանքը ՀԱՊԿ խորհրդի որոշման վերաբերյալ.
2022թ. հունվարի 2-ին Ղազախստանում հեղուկ գազի գնի կտրուկ բարձրացման որոշման դեմ սկսված ցույցերը տարածվել են ամբողջ երկրով և վերածվել բռնապետական ռեժիմի դեմ ժողովրդական շարժման: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 300 վիրավորներ, և տասնյակ սպանվածներ ցուցարարների և ոստիկանների շրջանում: Հարյուրավոր ցուցարարներ ձերբակալված են՝ առանց մարդու իրավունքների տարրական երաշխիքների ապահովման: Երկրի մի շարք քաղաքներում և Ալմա-Աթայի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: 2022թ. հունվարի 5-ին նախագահ Տոկաևի կողմից բանավոր դիմում է ներկայացվել ՀԱՊԿ` իրավիճակը հաղթահարելու նպատակով աջակցության ակնկալիքով: Նույն օրը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց զինված ուժեր ուղարկել այդ երկիր, և դրա մունետիկը եղավ տվյալ պահին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը նախագահող՝ Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱՊԿ խորհրդի որոշումը հրապարակեց ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում և պաշտոնական սոցիալական հարթակներում՝ ասոցացնելով նման որոշումը Հայաստանի Հանրապետության հետ։ Արդեն իսկ կան նախանշաններ, որ Հայաստանը նախապատրաստում է զորք ուղարկել Ղազախստան՝ ներքաղաքական գործընթացներին ներգրավվելու նպատակով։ Մինչդեռ նույն ՀԱՊԿ-ը ոչ մի գործնական քայլ չարեց Հայաստանի Հանրապետության դեմ արտաքին ագրեսիան վերացնելու ուղղությամբ։ 2018-ին Հայաստանի ժողովուրդը մերժել է բռնապետությունը և ժողովրդավարության ամրապնդման ուղի ընտրել։ Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը, պետության անվտանգության խոցելի վիճակով պայմանավորված, օգտագործվում է ավտորիտար երկրների ակումբի կողմից, սակայն սա ոչ մի կերպ չի արդարացնելու նրա անհեռատես վարքագիծը և կասկածի տակ է դնելու ժողովրդավարական պետությունների ընտանիքում գտնվելու նրա մտադրությունը։ ՀԱՊԿ անդամ երկրների կազմում Ղազախստանի ներքին գործերին միջամտելը՝ այդ երկրի բնակչության արդարացի ցասման դեմ գործողություններին և մարդու իրավունքների հնարավոր խախտումներին մասնակցությամբ զգալի և անդառնալի վնաս է հասցնելու Հայաստանի միջազգային վարկանիշին՝ համապատասխան հետևանքներով։ Մյուս կողմից այն ծայրահեղ վտանգավոր իրավիճակ է ստեղծելու Ղազախստանի և նաև հարակից երկրների բազմահազար հայության համար, ընդ որում՝ զարգացման ցանկացած սցենարի պարագայում։ Ցանկացած երկրի ժողովուրդ ինքը պետք է ընտրի իր իշխանություններին, և ոչ մի այլ երկիր չունի լեգիտիմ իրավունք միջամտելու ներքաղաքական կյանքին։ Հայաստանի զինված ուժերը այսօր իրենց առաքելությունն ունեն մեր երկրի սահմանների պաշտպանության գործում և չպետք է ի սպաս դրվեն Հայաստանի անվտանգության սպառնալիքներին անտարբեր և Արցախում էթնիկ զտումը ողջունող օտար բռնապետների շահերին։ Դատապարտու՛մ ենք ՀՀ կառավարության անհեռատես և անպատասխանատու քայլերը։ Պահանջում ենք ՀՀ կառավարությունից՝ ողջամիտ լինել իր որոշումներում և ձեռնպահ մնալ Հայաստանի վարկանիշը վտանգի ենթարկելուց, օկուպանտի կարգավիճակում հայտնվելուց և՝ վտանգի չենթարկել Ղազախստանում էթնիկ հայերի ճակատագիրը։ Պահանջու՛մ ենք ՀՀ կառավարությունից ձեռնպահ մնալ Ղազախստան զորամիավորումներ ուղարկելուց:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Հեռանկարային զարգացման կենտրոն» ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնություների աջակցման կենտրոն ՀԿ
Հայաստանի կանանց նախաձեռնություն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Ռեստարտ գիտակրթական հիմնադրամ
Հանրային լրագրության ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Փինք իրավապաշտպան ՀԿ
Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի: