Search
Close this search box.

Ղազախական Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը. Երևան նախատեսված թռիչքը չեղարկվել է

Հունվարի6-ին կայանալիք Ակտաու-Երևան չվերթը չեղարկվել է. «Զվարթնոց» օդանավակայանի էլեկտրոնային չվացուցակում է հրապարակվել ինֆորմացիան։
Ղազախական SCAT ավիաընկերության ինքնաթիռի ժամանումը նախատեսվում էր երևանյան ժամանակով ժամը 18:20-ին։ Ի դեպ, նույն օրը ժամը 00:10-ին Ակտաուից Երևան սպասվող թռիչքի մասին չվացուցակում նշված է, որ ժամանակին կժամանի ՀՀ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այն նույնպես կչեղարկվի։
Հավելենք, որ միջազգային ավիաընկերությունները չեղարկում են իրենց թռիչքները դեպի Ղազախստան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում տիրող իրավիճակի պատճառով Ակտաուի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը։

Հիշեցնենք, որ նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճի դեմ:
Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել է իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նախագահ Տոկաևն իր տեսաուղերձում կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։
Նա ընդգծել էր, որ քաղաքացիական ու ռազմական գերատեսչությունների վրա հարձակվելու կոչերն անօրինական են ու կարող են իրավական հետևանքների հանգեցնել։
Այսօր հայտնի դարձավ, որ Ալմաթիում ցուցարարներն արդեն գրավել են քաղաքային վարչակազմի շենքը։ Հարձակման փորձ է կատարվել նաև Ակտոբեում։
Կառավարությունը հրաժարական է ներկայացրել, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահել է Ալիխան Սմաիլովին։
Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է մտցվել:

Please enter a valid URL