Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար. Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Ավարտվում է 2021 թվականը՝
մեր ժողովրդի, Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ տարի,
պատերազմի հետևանքների և համավարակի դժվարին մի ժամանակաշրջան:

Իմ խորին հարգանքը՝
իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:
Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը:

Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։

Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին:

Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,
30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ:
30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։

Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև:
Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։
Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր, լինենք ազնիվ և պատասխանատու:
Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում:
Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը:

Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:
Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:
Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները,
մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին:

Սահմանադրության փոփոխությունը
կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը,
պետական կառույցների հավասարակշռմանը,
ավելի ճկուն ու փոխկապակցված,
ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:

Վաղուց ժամանակն է գիտակցել,
որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝
մեր բանակը,
մեր աշխատանքը,
մեր միտքը:

Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն,
որին հավատում ու վստահում են,
որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար, որի շուրջը համախմբվում ենք բոլորս:
Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։

Հավատացե՛ք ձեր ուժերին,
հարգե՛նք մեր երկիրը,
հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի:
Եվ աշխարհն ավելի կհարգի մեզ՝
որպես ժողովուրդ և որպես պետություն:

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ամանորը հույսի, հավատի ու սպասումների տոն է:
Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները:
Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ:

Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան:
Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:

Թող 2022 թվականը մեր երկրի,
մեր ժողովրդի, ձեզնից յուրաքանչյուրի
և ձեր ընտանիքների համար լինի առողջության, խաղաղության, հաջողության, լիության և առաջընթացի տարի:

Թող բոլորիս ընտանիքներում տիրեն
ջերմությունը, համերաշխությունը,
ուշադրությունը, հոգատարությունը և սերը միմյանց հանդեպ:

Շնորհավոր Նոր տարի:

Please enter a valid URL