Search
Close this search box.

Հայաստանը Թուրքիայից ակնկալում է հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում թուրքական կողմից։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։ Արտաքին գերատեսչությունից հավելել են, որ այդ մոտեցումը թույլ կտա քննարկել Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունենրի հաստատման հարցերը։

ՀՀ ԱԳՆ-ն սակայն, այդպես էլ չի հայտնել՝ արդյոք ընդունելի ֆիգո՞ւր է ՀՀ-ի համար ցեղասպան քարոզչությամբ զբաղվող թուրք բանագնացի նշանակումը։

Հայ հասարակությունը թուրքական կողմից նախ տեղեկացավ, որ դրական ազդակներ են փոխանցվում Հայաստանից, ապա պարզ դարձավ, որ կողմերը հարաբերությունները կարգավորելու համար նշանակում են բանագնացներ։ Հետո հստակեցվեց նաև հանդիպման վայրը եւ բոլոր դեպքերում տեղեկատվության առաջնային աղբյուրը եղել է Թուրքիան, որից հետո միայն ՀՀ ԱԳՆ-ն հանդես էր գալիս տեղեկությունը հաստատողի դերում։

Թուրքիայի կողմից բանագնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ «Փաստինֆո»-ն դեռ դեկտեմբերի 17-ին գրավոր հարցում ուղարկեց արտաքին գերատեսչություն՝ խնդրելով ներկայացնել պաշտոնական Երևանի տեսակետը, թե արդյոք ՀՀ-ի համար ընդունելի՞ է Թուրքիայի կողմից այս նշանակումը՝ հաշվի առնելով բանագնացի անցյալը, որ նա ակտիվ աշխատանք է տարել Հայոց Ցեղասպանությունը ժխտելու ուղղությամբ։

ԱԳՆ-ն նախ հավելյալ ժամանակ խնդրեց՝ ուսումնասիրությունների համար, բայց 12 օր անց ուղարկված գրավոր պատասխանում այդպես էլ ձեռնպահ էր մնացել գնահատել հայատյացությամբ աչքի ընկնող թուրք գործչի նշանակումը։ Ավելին, ձեռնպահ են մնացել ուղիղ պատասխանել նաեւ այն հարցին, թե արդյոք հարաբերությունների կարգավորման ֆոնին Հայաստանը կկատարի՞ Թուրքիայի նախապայմանները՝ հրաժարվել Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից։

«Հայաստանի հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում թուրքական կողմից, ինչը թույլ կտա քննարկել Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը»,- ասված է ՀՀ ԱԳՆ պատասխանում և ոչ մի խոսք թուրք բանագնացի մասին։
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր՝ ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ ֆորմատով է նախատեսված բանագնացների հանդիպումը։

«Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- ասված է ԱԳՆ պատասխանում։

Please enter a valid URL