Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի բռնապետական մտածողությունը տարածվում է ամբողջ Հայաստանում

Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ամեն գնով թույլ չտալ, որ Վարդենիսի համայնքապետ ընտրվի ընդդիմադիր “Ահարոն Խաչատրյան դաշինք”-ի ավագանու ցուցակը գլխավորող Ահարոն Խաչատրյանը: Այս դաշինքի ավագանու խմբակցությունը ստացել է 10 մանդատ, իսկ մյուս ընդդիմադիր “Միասնական Վարդենիս” խմբակցությունը 4 մանդատ: Նրանք միասին ավելի շատ են ստացել, քան ՔՊ-ն, որը ստացել է 13 մանդատ:

Չնայած ակնհայտ պարտությանը ՔՊ թեկնածուն ասում է, որ ինքը չի կարող թույլ տալ, որ ուրիշ մարդ ընտրվի քաղաքապետ, որովհետև ինքը կառուցել է քաղաքը և չի թողնի, որ այն քանդեն: Այսպիսով ստացվում է, որ ոչ թե Վարդենիսի քաղաքացիներն են որոշում ով դառնա քաղաքապետ, այլ` ՔՊ-ն:

Այս դեպքում անհասկանալի է, թե ինչի համար են կազմակերպվում ընտրություններ, գումարներ ծախսվում, մարդկանց իրար դեմ հանում, եթե ի վերջո հարցը լուծելու է ՔՊ-ն, նրա երևանյան ղեկավարն ու տեղական դրածոները:

Ստեղծված իրավիճակը շատ է հիշեցնում 2018թ. ապրիլը, երբ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարում էր, որ կամ ինքը կլինի Հայաստանի վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չի ունենա:

Այն ժամանակ մոլորյալ հասարակությունը ոգևորված ծափ էր տալիս ակնհայտորեն բռնապետական կոնտեքստ ունեցող այս հայտարարությանն ու նրա հեղինակին, միամտորեն հավատալով, որ իրենք ընտրում են ոչ թե վարչապետ` այլ փրկիչ, իսկ փրկիչը մեկն է և նրան այլընտրանք չի կարող գոյություն ունենալ անգամ տեսականորեն:

Հետո այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը հասկացավ, որ Փաշինյանը ոչ թե փրկիչ է, այլ կործանիչ`ազգային, պետական, համամարդկային և անհատական մակարդակներով: Հիմա այդ տոտալիտար, բռնապետական մտածողությունը տարածվում է ամբողջ Հայաստանում:

Փաշինյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչները համոզված են, որ իրենք են միակ արժանի թեկնածուները, իսկ ընտրողների տեսակետը և ընտրություների արդյունքներն առ ոչինչ են: Փաշինյանը և նրա իշխանությունը հավանություն է տալիս այս մոտեցմանը և ոստիկանական ու ռեպրեսիվ ապարատի մյուս միջոցներով՝ ճնշում հանրային դժգոհությունը, ստիպելով՝ մարդկանց համակերպվել այն մտքի հետ, որ որոշողը ոչ թե իրենք են, այլ ՔՊ-ն:

Նման պայմաններում տեղային լուծումներ չեն կարող լինել, կամ եթե լինեն ապա դրանք ժամանակավոր են: Նկատի ունենք, որ եթե անգամ Վարդենիսի բնակիչներին հաջողվի անցկացնել իրենց թեկնածուին, ինչը խիստ կասկածելի է, ապա միևնույն է, իշխանությունն ամեն ինչ անելու է նրան պաշտոնազրկելու համար:

Համայանքապետի լիազորությունների շրջանակը այնքան սահմանափակ է, որ նա չի կարող աշխատել կենտրոնական իշխանության հետ տոտալ դիմակայության պայմաններում: Լուծումը միակն է. Հայաստանի քաղաքացիները և ընդդիմադիր ուժերը Նիկոլ Փաշինյանի «կամ ես (մենք) կամ ուրիշ ոչ մեկը» կարգախոս գործելակերպին պետք է հակադրեն «կամ մենք հեռացնում ենք Փաշինյանին, կամ կորցնում ենք Հայաստանը» ռազմավարությունը:

Քանի դեռ Փաշինյանը բռնազավթած է պահում երկրի ղեկավարի պաշտոնը, նա ամեն ինչ անելու է, որ բռնազավթվեն նաև ՏԻՄ ղեկավարների պաշտոնները, ինչպես դա եղավ Թալինում կամ անգամ Գյումրիում: Քանի դեռ Փաշինյանը բռնազավթած է պահում այդ պաշտոնը, ոչ Վարդենիսում, ոչ Վանաձորում, ոչ Վեդիում, ոչ այլուր հնարավոր չէ արդարության և ժողովրդավարության հաստատում:

Սա ապացուցման կարիք չունեցող աքսիոմա է, որի դրսևորումներին մենք ականատես ենք լինում ամենօրյա, ամենժամյա ռեժիմով:

Please enter a valid URL