ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոն ողջունել է դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը, ինչպես նաև կոչ է արել արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց: Այս մասին ասվում է բյուրոյի թվիթերյան էջում:
«Մենք ողջունում ենք դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից 2021 թվականի նոյեմբերի 16-ին կալանավորված հինգ հայ զինծառայողների վերադարձը»,- ասվում է առաջին գրառման մեջ:
Դրան հաջորդել է երկրորդը. «Մենք կոչ ենք անում ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,-նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյից:
Հունգարիայի կառավարության միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերի Ադրբեջանից վերադարձել է հայրենիք: