Բերդ համայնքի ավագանին դիմել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի խափանման միջոց կալանքը երաշխավորության փոփոխելու խնդրանքով՝ պատրաստակամություն հայտնելով խափանման միջոցի փոփոխման դեպքում հանդես գալ անձնական երաշխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Բերդի համայնքապետարանի տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանը կալանավորվել էր մոտ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 11-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ մասին 1-ին մասերի հատկանիշներով (պաշտոնեական կեղծիքը)։ Հարություն Մանուչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։