«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․ «Երեկ ձեր բարձրացրած ահազանգի հետքերով դիմել էի ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին։ Հատուկ ընդգծել էի, որ զինծառայողներին դեկտեմբեր ամսվա համար հասանելիք 190 000 դրամից վճարված մոտ 100 000 դրամով մեր զինծառայողները գուցե ի վիճակի լինեն կատարել վարկային պարտավորությունները, որոշ ընթացիկ ծախսեր, սակայն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ օրինակ հարազատների առողջական խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսեր, կոմունալ վճարումներ, որոնց լուծման համար փոխանցված գումարը բավականին քիչ է։ Իսկ այս ծանր իրավիճակում Ամանորի նույնիսկ փոքր գնումների համար այլևս գումար չի մնում։
ԳՇ պետին խնդրել էի հանձնարարել շտապ ուսումնասիրել խնդիրը, հստակեցնել մեր երկրի անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարություն ունեցող զինծառայողներին Ամանորի կապակցությամբ դրամական պարգևատրում չտրամադրելու պատճառները և մինչև դեկտեմբերի ավարտը ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։
ԵՎ ահա ահազանգիցս մեկ օր անց տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈւ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։
Միշտ հետևողական եմ լինելու Ձեր խնդիրների լուծմանը։ Բարի և անփորձանք ծառայություն ձեզ, հարգելի զինծառայողներ»,-գրել է Թագուհի Թովմասյանը։
Թագուհի Թովմասյանի այս գրառմանը պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ գրելով. «ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կարգադրությամբ՝ Զինված Ուժերի բոլոր ծառայողները ստացել են պարգևավճար։
Իսկ նույն ժամանակ` Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր հետևողականության շնորհիվ միայն Պաշտպանության նախարարության ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։
Տիկին Թովմասյան, հեշտ է խոսել մի բանի մասին, ինչը պետք է արվեր և արվել է, հեշտ է լավամարդ լինել մի տեղ, որտեղ մարդիկ, ուղղակի, իրենց գործն են արել, որովհետև այդպես պետք է անեին առանց միջնորդությունների և, ինչ-որ էժան, լավամարդ լինելու։
Ո՞նց է լինում, որ միշտ Ձեր հետևողականության շնորհիվ է հարց լուծվում, ո՞նց եք ողջ ԶՈՒ խնդիրները տանում Ձեր կանացի, փխրուն ուսերին։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ի դեպ, տիրապետում է իր նախարարության հոգսերին ու կարիքներին», — գրել է Արփի Դավոյանը։