Մերձմոսկովյան դատարանը 5-ից 20 տարվա ազատազրկման է դատապարտել ՌԴ հատուկ նշանակության ջոկատի նախկին մարտիկ Նիկիտա Բելյանկինի սպանության գործով մեղադրյալներին։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի մարզի դատախազության մամուլի ծառայությունը։
Սերգեյ Խոջայանը, Համլետ Հայրապետյանը, Հրանտ Հայրապետյանը մեղավոր են ճանաչվել մի շարք հոդվածներով: Առաջինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Հայրապետյան եղբայրները ստացել են համապատասխանաբար 17 և 18 տարվա ազատազրկում` խիստ ռեժիմի բանտում։
Մեղավոր են ճանաչվել նաև Նարեկ Ստեփանյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ Մանուկյանը, Դավիթ Եղիազարյանը, Սահակ Սահակյանը և Արթուր Հակոբյանը։ Նրանք դատապարտվել են նվազագույն ժամկետով:
«Դատարանը պարզել է, որ 2019 թվականի հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը Կրասնոգորսկում այդ անձինք կատարել են խուլիգանություն, որի ժամանակ ծեծի են ենթարկել Վլադիմիր Դանիլովին և Ալեքսանդր Սերգեևին։ Ընթացքում սպանելու նպատակով Համլետ և Հրանտ Հայրապետյանները բռնել են Սերգեևին, իսկ Խոջայանը դանակով հարվածել է նրա որովայնին՝ դանակի թափանցող վնասվածք պատճառելով։ Տուժածը չի մահացել, քանի որ նրանց գործողությունները դադարեցրել է կողքով անցնող Նիկիտա Բելյանկինը»,- պարզաբանել են վարչությունից։
Այն բանից հետո, երբ Բելյանկինը պահանջել է դադարեցնել հարձակումը, Համլետ Հայրապետյանը, Հրանտ Հայրապետյանը և Խոջայանը ծեծի են ենթարկել նրան։
Քննությամբ ապացուցվել է, որ Խոջայանը դանակահարել է ռուս տղամարդուն։ Արդյունքում` գործի մասնակիցները դատապարտվել են ազատազրկման և իրենց պատիժը կկրեն ընդհանուր ու խիստ ռեժիմների գաղութներում։
Նշվում է, որ հատուկ նշանակության ջոկատի նախկին անդամ, Սիրիայում մարտերի մասնակից Նիկիտա Բելյանկինն իր ընկերուհու հետ քայլելիս է եղել փողոցով, երբ բարի մոտ նկատել է, թե ինչպես են ծեծում երկու հոգու։ Հետաքննության պաշտոնական վարկածի համաձայն՝ Բելյանկինը հանել է տրավմատիկ ատրճանակը և մի քանի նախազգուշական կրակոց արձակել օդ։ Կռվի ժամանակ զոհված Բելյանկինը 24 տարեկան էր։