Ադրբեջանական գերությունից դեկտեմբերի 4-ին հայրենադարձված և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մայոր Ն. Ե-ն կալանավորվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշումը և կայացնելով Ն. Ե.-ին կալանավորելու որոշում։ Փաստաբան Կարմեն Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը ստանալուց հետո բողոք կներկայացնի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Պողոսյանի նախագահությամբ, մերժել էր Ն. Ե.-ին կալանավորելու մասին միջնորդությունը՝ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցը թողնելով վարույթն իրականացնող մարմնի իրավասությանը։
Նախաքննական մարմինն այլ խափանման միջոց չէր ընտրել, իսկ դատախազությունն էլ վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով կալանավորել մայորին։
Ընդ որում՝ սա այն դեպքում, երբ իրավապաշտպան հանրությունը խստորեն դատապարտում է գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և նրանց ազատությունից զրկելու հանգամանքը։ Այն, որ գերեվարման հանգամանքները կարող են և պետք է դառնան քննության առարկա՝ փաստ է, սակայն գերիների նկատմամբ քրեական հետապնդումներն ինքնին կարող են վնասել Ադրբեջանում գերության մեջ պահվող մյուս անձանց հայրենադարձմանը, ինչպես նաև՝ դառնալ շահարկման առարկա։ ՄԻԵԴ-ում ՝ Ադրբեջանում գերության մեջ պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ անթույլատրելի է հրապարակային դաշտում խոսել գերիների նկատմամբ քրեական հետապնդումների մասին և, որ և իրավական և բարոյական առումով չի կարծում, որ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն, նրանց առողջական վիճակը և այլ հանգամանքներն իսկապես չեն արդարացնում անազատությունը։ Բացի այդ՝ իրավապաշտպանը մտահոգություն է հայտնել առ այն, որ գերիների ցուցմունքները հետագայում միջազգային ատյաններում կարող են կասկածի տակ դրվել։
«Ադրբեջանը փորձելու է ներկայացնել, որ նրանց ձերբակալում են, կալանավորում են, խոշտանգում են և ստանում են Հայաստանին արժանի ցուցմունքներ և իրականում այդ անձինք ոչ թե խոշտանգվել են, այլ՝ ՀՀ իշխանությունների սպառնալիքի ներքո տվել են սուտ ցուցմունքներ՝ խոշտանգումների մասին»,- հայտարարել է Սիրանուշ Սահակյանը։
Մանրամասը՝ սկզբնաղբյուրում