Ինչպես և կանխատեսել էինք, իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ավիաընկերությունը դեկտեմբերի 23-ին դիմել է կարգավորող մարմնին՝ Թուրքիա շաբաթական երեք անգամ թռիչքներ իրականացնելու համար:
Սուքիասյանը այդ հնարավորությունը կստանա, քանի որ նա ձգտում է Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնել, և այդ հարցում Սուքիասյանն ունի Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների անվերապահ աջակցությունը: Բայց եթե անգամ Սուքիասյանին հաջողվի սկսել դեպի Թուրքիա թռիչքների իրականացումը, դա բավականին կարճ կտևի, իսկ նրա՝ Հայաստանը թրքացնելն ընդհանրապես անկատար է մնալու: Հիմա պարզաբանենք թե ինչու:
Երբ ռուսական իշխանությունները մերժեցին թույլտվություն տալ Սուքիասյանին պատկանող ավիաընկերությանը կանոնավոր թռիչքներ իրականացնի դեպի ՌԴ քաղաքներ, մենք կանխատեսել էինք, որ Սուքիասյանը կարող է զբաղվել թուրքական ուղղությունը զարգացնելով, քանի որ Սուքիասյանը Հայաստանում զբաղված է հակառուսական քարոզչությամբ և ընդհակառակը՝ թրքահաճո գործունեությամբ: Դրա ամենափայլուն դրսևորումը, ըստ տարածված լուրերի, նրա կողմից ֆինանսավորվող Լևոն Շիրինյանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության գործունեությունն է: Մի կուսակցություն, որն ակնհայտ զբաղված է հակառուսական քարոզչության տարածմամբ:
Բոլոր քիչ թե շատ գիտակից մարդկանց համար էլ հասկանալի է, որ ռուսական ազդեցությունը Հայաստանում կարող է փոխարինվել միայն թուրքականով: Ովքեր մի քիչ կասկածում են դրանում, կարող են ուսումնասիրել մեր հարևաններ Վրաստանի և Ադրբեջանի օրինակները: Այլընտրաք չկա:
Խաչատուր Սուքիասյանը կարող էր հաջողություն ունենալ վրացական կամ ադրբեջանական փորձը Հայաստանում տեղայնացնելու հարցում, սակայն կա մի շատ մեծ խնդիր, որի հաղթահարումը նրա ուժերից վեր է: Դա աշխարհաքաղաքական արագորեն զարգացող գործընթացներն են:
Ռուսաստանը որոշել է հետ վերադարձնել հետխորհրդային տարածքները, և այդ հարցում նրա հիմնական մրցակիցը Արևմուտքն է` Հարավային Կովկասում ի դեմս Թուրքիայի: Օրերս հրապարակված ռուսական վերջնագրերը վկայում են, որ այդ հարցում Ռուասատանը տրամադրված է վճռականորեն, և պատրաստ է գնալ մինչև վերջ, չի բացառվում նաև ուժի կիրառմամբ:
Հատուկ և միտումնավոր տեսակետ է տարածվում, որ Ռուսաստանը և Թուրքիան դաշնակիցներ են, և իրենց միջև ծագած հարցերը կարգավորում են բանակցությունների միջոցով և երբեք իրար դեմ դուրս չեն գա: 1939թ. ԽՍՀՄ-ն ու Գերմանիան էլ էին դաշնակիցներ և նույնիսկ չհարձակման մասին պայմանագիր ունեին ստորագրած: Իրար մեջ կիսեցին Արևելյան Եվրոպան, բայց այդ բարեկամությունը տևեց երկու տարի:
Ռուսաստանի և Թուրքիայի բարեկամությունը նույնպես ավարտվում է և շուտով մենք ականատեսն ենք լինելու նրանց կոշտ հակամարտությանը, որի առաջին նշաններն արդեն դրսևորվում են Ուկրաինայի հարցում Թուրքիայի արտահայտած ուկրաինամետ դիրքորոշմամբ, Թուրքիայի տարածքում Ջոհար Դուդաևի հիշատակին նվիրված զբոսայգի բացելով:
Ռուսաստանը իրեն է վերադարձնելու Հարավային Կովկասը՝ դրանից դուրս մղելով թուրքական ազդեցության բոլոր գործակալներին: Այնպես որ, քանի դեռ ժամանակ կա Սուքիասյանին պատկանող ավիաընկերությունը պետք է թռիչքներ իրականացնի Թուրքիա, այլապես մեկ տարի հետո դրա հնարավորությունը հաստատ չի լինելու:
ArmLife.am