Նամակ Առուշ Առուշանյանին՝ հայուհուց
«Միայն նա է ճշմարտորեն մեծը, ով մեծ զավակն է նախ իր ժողովրդի, և ապա մարդկության…
Սա իմ, Ձեր ու էլի շատերի սիրելի զորավար Գարեգին Նժդեհի հազարավոր խորիմաստ մտքերից մեկն է… Գուցե տարօրինակ հնչի, բայց Դուք դարձել եք մեր ժողովրդի ու նաև մարդկության մեծ զավակը:
Ճիշտ է ասում Ձեր փաստաբաններից Արմեն Մելքոնյանը՝ Ձեզ փակի տակ պահելով տգետ իշխանությունը մի քանի անգամ բարձրացրեց Ձեր կշիռը սյունեցիների ու աշխարհի տարբեր անկյուններում ապրող մեր հայրենակիցների աչքերում:
Մտածելու կարողությունից զուրկ իշխանիկները և նրանց կամակատար իրավապահները չեն գիտակցում, որ Դուք ամուր կամքի տեր, անկոտրում անհատ եք, որ նման էժան բեմականացումներով չեն կարող Ձեզ կոտրել:
Ցավալին, սակայն, այն է, որ այս թատերականացված շոուն իր կուլմինացիային հասցվեց այն պահին, երբ մեր՝ անդունդը գահավիժող երկիրն ու ժողովուրդն ամենաշատն ունի Ձեր ու, եթե դեռ ձեզպեսներ կան՝ նաև իրենց կարիքը: Ցավալիորեն, այսօր մեր երկրի գլխին կախված է նոր պատերազմի վտանգը, իսկ դրանից խուսափելու լուծումները շատ չեն, գրեթե չկան, իսկ Դուք մեկուսարանում եք…
Այն, ինչ կատարվում է մեր երկրում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած՝ նման է վատ երազի: Ամեն օր թվում է, որ ավելի վատ չի կարող լինել: Շուտով մեկ տարին կլրանա, ինչ մեր երկրում ամեն բացվող օրն իր հետ առնվազն մի նոր աղետ է բերում, ու զարմանալիորեն դեռ դիմանում ենք, դեռ շունչներս չենք փչել, ուրեմն՝ դեռ կարող ենք ապրել, պիտի շարունակենք ապրել…
Մինչև թշնամու՝ Հայաստանի սահման ներխուժելը Ձեզ անձնապես չեմ ճանաչել, բայց մայիսյան դեպքերի ժամանակ մի քանի հեռախոսազանգն էլ բավական էր հասկանալու՝ իր հողուջրին նվիրված հայորդու, Նժդեհի գաղափարախոսությամբ ու գենետիկայով դաստիարակված իսկական ՀԱՅԻ տեսակը… Ամեն զանգից հետո համոզվում էի, որ ո՜չ Ձեր գործի, ո՜չ էլ ասածների մեջ ձևականության նշույլ չկար:
Երևի հիշում եք՝ Սև լճի հատվածում զարգացող իրադրությամբ պայմանավորված հաճախ էի Ձեզ զանգում: Երբեմն նեղսրտում էիք, չէիք ուզում խոսել, բայց մի քիչ համոզելով, մի քիչ խնդրելով հաջողացնում էի որոշ տեղեկություններ կորզել… Երբ լավ տրամադրություն էիք ունենում, ուրախանում էի, մտածում էի՝ ուրեմն իրավիճակը լավ է, գուցե դեռ ամեն ինչ կորած չէ…
Այդ զանգերն առաջին ձեռքից մի լուր ստանալու, անձնական անհանգստությունս փարատելու համար էին: Պաշտոնական կծկտուր հաղորդագրություններն ավելի շատ հարցեր էին առաջացնում, քան փարատում ներքին անհանգստությունս: Այդ օրերին սկսեցի գիտակցված սիրել Սյունիքը…
Ձեր կալանավորումից հետո մեր խոցված երկրից մի նոր մաս կորցնելու կամ հանձնելու տագնապն ավելի է խորացել: Բոլորս անհանգիստ ենք: Ապրում ենք օրով, ժամով՝ առանց ապագա՝ վտանգը գլխներիս կախված: Բայց ունենք այն, ինչ ունենք…
Ստիպված ենք դիմադրել հոգով ու մտքով տկարամիտների անկանխատեսելի գործողություններին այնքան՝ քանի դեռ շարունակում են էժանագին շոուներ սարքելով ինքնահաստատվել, այնքան՝ մինչև ինքնաոչնչանան:
Գիտեմ՝ դժվար է նոր պայմաններին հարմարվելը, բայց Դուք ուժեղ եք, չպիտի հանձնվեք…Ամեն ինչ, անգամ այս մղձավանջը ժամանակավոր է, պարզապես պետք է դիմանալ…
Հիմա առավել կարևոր է Ձեր առողջությունը, «նոր միջավայրում» Ձեր մտավոր ու ֆիզիկական վիճակը, Ձեր մարդկային տեսակը պահպանելը…
Վստահ եմ՝ Ձեր շուրջ գեներացված դրական էներգիան ու Ձեր անսահման հավատն առ Աստված օգնության կհասնեն՝ երբ թվա՝ էլ ելք չկա, որ էլ անհնար է դիմանալ…
Պահպանեք Ձեզ…Մեր երկիրը Ձեր նման հայրենասեր մարդկանց կարիքը շատ ունի: Մենք դեռ մեր զոհված տղաների, մեր սուրբ նահատակների վրեժը պետք է լուծենք, թուրքի խլած ու թուրքին նվիրած մեր հողերը պետք է հետ բերենք… Ու կբերենք: Այդ օրն էլ կգա: Հանուն այդ ամենի հիմա խնայեք Ձեզ, ՉԸՆՃՎԵՔ ու ՉՀԱՆՁՆՎԵՔ…
Համոզված եմ՝ օրվա ընթացքում շատ տարբեր, անբացատրելի ապրումներ ու զգացողություններ եք ունենում, ջղայնանում եք, մտքերի մեջ ընկնում, գուցե երբեմն փոշմանում, բայց փորձեք կառավարել վատ մտքերն ու տրամադրությունը… Պայքարեք դրանց դեմ…
Համբերությամբ տարեք Ձեզ բաժին ընկած այս դժվարին փորձությունը: Պատրաստ եղեք ամեն ինչի: Երբեք մի կորցրեք հումորի զգացումը, այն օգնում է ավելի հեշտ դիմակայել մարտահրավերներին: Դժվարություններին ժպիտով վերաբերվեք, անգամ ամենածանր պահերին և ընդհանրհապես հաճախ ժպտացեք, Ժպիտը Ձեզ շա՛տ է սազում… Այայլված ու խոժոռ հայացքը պահեք թշնամուն…
Անգամ ամենաանելանելի իրավիճակներում առնվազն 2 ճանապարհ կա: Երկու դեպքում էլ Դուք եք որոշելու ինչպես անցնել այդ ճանապարհը…
Անկախ նրանից, թե ինչ են պլանավորել Ձեզ համար՝ մի՜չարացեք, շարունակե՜ք մնալ ու փայլել Ձեր բարձունքում, ուԴուք նորից կհաղթեք…
Այն ժամանակ, երբ փորձեն Ձեզ ցած գլորել, իրենց ոտքերի տակից հողը կսողա ու իրենք կհայտնվեն իրենց իսկ փորած փոսում:
Հիշեք՝ ուրացողներից, օրվա ու պահի ընկեր-բարեկամներից զատ, Ձեր հայրենանվեր աշխատանքը գնահատողներ էլ կան, ովքեր Ձեր կալանավորման պահից ամեն օր աղոթում ենք՝ հավատով, որ հնարավորինս շուտ վերջ դրվի այս խեղկատակությանը, որ
Դուք օր առաջ դարձյալ վերադառնաք Ձեր սիրելի ծննդավայր ու շարունակեք պաշտպանե լու շենացնել այն:
Հանուն մեր հայրենիքի պաշտպանության ու ինքնապաշտպանության ՉԿՈՏՐՎԵՔ, ՉՀԱՆՁՎԵՔ, դեռ շատ անելիք ունեք… Հոգու և ֆիզիկական ամրություն Ձեզ: ՊԻՆԴ եղեք…
Հ. Գ. Նամակը հրապարակվել է հեղինակի թույլտվությամբ։