Ադրբեջանցիներն ամենաբարձր մակարդակով քննարկում են, թե ինչ տարածքներ է Հայաստանն իրենց զիջելու մոտ ապագայում նախատեսվող դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում: Քննարկումից պարզ է դառնում, որ վերջիններս ոչինչ չեն «մոռանալու»: Խորհրդային տարատեսակ որոշումներ են ի հայտ բերում, գյուղեր, ավաններ, տարածքներ, արոտավայրեր, դաշտեր և, նույնիսկ այգիներ և բանջարանոցներ են հիշատակում:
Ի տարբերություն, հայերն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ Արցախը նաև ադրբեջանցիներինն է, Շուշին դժգույն է և դժբախտ, պետք է լինի ճանապարհ, գերիները վերադարձվել են ոչնչի դիմաց և այլն:
Իսկ ապշեցուցիչն այն է, որ ադրբեջանցիներն ու հայերը միահամուռ չեն խոսում Արծվաշենից: Էլ 1926 թ քարտեզից են խոսում, էլ 1969 թ քարտեզից, էլ՝ 1974 թ, էլ՝ 1982 թ: Սակայն Արծվաշենից ոչ մի խոսք:
Ադրբեջանցիների լռությունը հասկանալի է, հայերինը՝ ոչ:
Ի՞նչ ասեմ: Ախր, բան էլ չկա ասելու: Մնում է, որ «Կարս», «Իգդիր», «Սուրմալու», «Կիլիկիա», «Վան», «Բիթլիս» ռեստորանային համալիրների շարքը համալռենք «Արծվաշեն» ռեստորանային համալիրով, հավաքվենք այնտեղ, քեֆ անենք և երգենք «Հասնինք Սասուն, մտնինք Վան» հայրենասիրական երգը:
Ի դեպ, ի տարբերություն մյուս ռեստորանային համալիրների, «Արծվաշեն» ռեստորանային համալիրը հնարավոր է, որ չհասցնենք Երևանում կառուցել: Փոխարենը, այն կկառուցենք Գլենդելում կամ Օդեսայում:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից