Գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրումներ` Ազգային ժողովում։ Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն է պարգևատրել և՛ պատգամավորներին, և՛ խորհրդարանի աշխատակազմին ու աշխատակիցներին։
Ինչպես փոխանցեցին Ազգային ժողովից, հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցեցին` «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։
Հետպատերազմյան 2020-ի ավարտին, օրինակ, ԱԺ-ի նախկին խոսնակ Արարատ Միրզոյանը միայն ԱԺ աշխատակազմին էր պարգևատրել։ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հաստատեց՝ անցած Ամանորին ընդառաջ չեն ստացել պարգևատրում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Հանրությանը պետք է համոզիչ լինի պետական պաշտոնյային խրախուսելը». Պարգևավճարները՝ քննադատությունների առիթ
8-րդ գումարման պատգամավորները վերջին երեք ամսում 2-րդ անգամ են պարգևատրվում, նախորդը Անկախության 30-ամյակի առթիվ էր ու կրկին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ։ Մոտ 500 հազար դրամ պատգամավորական աշխատավարձին ընդամենը մի քանի ամիս առաջ էլ գումարվել էր 250 հազար դրամ պատգամավորական ծախսերի համար։ Արդյունքում, այս ամիս պատգամավորները նվազագույն աշխատավարձ ստացողից ավելի քան 17 անգամ շատ կստանան՝ գրեթե 1 միլիոն 200 հազար դրամ:
Նվազագույն աշխատավարձը, մինչդեռ, կմնա անփոփոխ` 68 հազար դրամ:
Ի տարբերություն Ազգային ժողովի մյուս պատգամավորների` խորհրդարանի ղեկավարը հաջորդ տարի նաև մոտ 200 հազար դոլարանոց նոր մեքենա կունենա` բյուջեի հաշվին։
Վարուժան Հոկտանյանն այս ծախսերն ու պարգևատրումների պրակտիկան բացասական է համարում
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այս ծախսերն ու պարգևատրումների պրակտիկան բացասական է համարում։ Չի ընդունում իշխանության փաստարկը, թե հավելավճարները տրվում են, որ բյուջեն չթալանվի նախկինի նման:
«Այնքան էլ ճիշտ չի` հաշվի առնելով նորից երկրի վիճակը, և եթե իսկապես իշխանության են եկել հեղափոխական բարեփոխումներ անելու համար, պետք է մի քիչ ավելի իրենց զսպեին, այսինքն` մտածում են, որ հեղափոխություն արվել էր, որ լավ ապրեին: Ի վերջո նույն բանը` բյուջեից գումար է պակասում: Եթե դա առաջ արվում էր ապօրինի ձևով, հիմա օրինական ձևով է գումարը հանվում», — «Ազատության» հետ զրույցում նկատեց Հոկտանյանը:
3.5 տարի պարգևատրում-պարգևավճարները մեծ աղմուկ են բարձրացնում, բայց իշխանությունը համառորեն չի գնում պաշտոնապես աշխատավարձ բարձրացնելուն։
Առանց աշխատանքի արդյունավետության գնահատման պարգևներ բաժանելը անընդունելի է նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի համար։
Երբ չկա հիմնավորում, հարց է առաջանում` արդյոք առավել առաջնային ծախսեր չկան. «Պարգևատրման տակ չի կարող առանց գնահատման մարդուն հատկացում կատարվել, կատարում են իրենց մերձավորներին, իրենց ընկալելի մարդկանց, իրենց համար ծառայություն մատուցող անձանց` կլինեն նախարար, քաղաքապետեր, տարբեր ծառայության աշխատակիցներ և այլն: Բոլոր նրանք են դուրս մնում, որոնք բյուջետային հատկացումների շրջանակներում ունեն ֆիքս գումար և դրանից ավելին չեն ստանում: Իհարկե, սա աննորմալություն է»:
Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ սեպտեմբերի պարգևատրումներից հրաժարվեցին՝ սոցիալական տարբեր ծրագրերի փոխանցելով գումարը։ «Հայաստան» խմբակցությունը, Արծվիկ Մինասյանի խոսքով, դեռ որոշում չունի՝ ի՞նչ անել նոր պարգավճարների հետ, առաջիկայում են քննարկելու։
«Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը տեղեկացրեց՝ պատգամավորներից յուրաքանչուրը ինքը կորոշի բարեգործական որ ծրագրին ու ինչ ծավալով փոխանցի ստացած գումարը. «Այդ գումարն այս կամ այն դրսևորմամբ վերադարձնելու ենք հասարակությանն ուղիղ»:
Իշխանական «Իմ քայլից» Վահե Ղալումյանը քննադատությունը չի ընդունում, թող բոլորի աշխատավարձը բարձրանա, ուզում է:
«Ես նորմալ եմ համարում, որ Ազգային ժողովի աշխատակազմը 13-րդ աշխատավարձ ստանա, և նորմալ եմ համարում, որ պետք է Հայաստանում բոլոր աշխատողները ստանան, թոշակները բարձրանան, աշխատավարձերը բարձրանան»:
Հարցին, թե այդ դեպքում կենսաթոշակներն ինչո՞ւ չեն բարձրանում այն չափով, ինչ չափով, օրինակ, ստանում են 13-րդ աշխատավարձ` 100 տոկոսի չափով, պատասխանեց. «Չեմ նայել` ինչքան ենք ստացել»:
Ինչպիսի՞ն է եղել խորհրդարանի աշխատանքը
Իսկ արդյոք արդյունավետ է եղել 8-րդ գումարման խորհրդարանի աշխատանքը, որը դեռ կես տարի էլ չի աշխատել։ ԱԺ մոնիթորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանի խոսքով՝ ամբողջական դիտարկումները կներկայացնեն հունվարին, բայց արդեն հիմա հնարավոր է ասել՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորները եղել են պասիվ. օրենսդրական փոփոխություններ քիչ են մշակել, հիմնականում քննարկել են կառավարության նախաձեռնությունները։
Ընդդիմությունը հիմնականում քաղաքական նախաձեռնություններ է ներկայացրել, բոլորը մերժվել են։ Իշխանականները կողմ են քվեարկել կառավարության՝ առանց բացառության բոլոր նախաձեռնություններին։ Նաև քննարկված օրենսդրական փոփոխությունների թիվն է շատ փոքր եղել։
«Հաստատաբար 90 տոկոսը բաժին է ընկնում կառավարությանը, և պատգամավորների նախաձեռությունները շատ փոքր են: Ընդհանուր առմամբ ամբողջ երկրորդ նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը շուրջ հարյուր օրինագիծ է ընդունել: Սա մեր արդեն մի քանի գումարում շարունակվող մոնիթորինգի ցուցանիշների մեջ նվազագույններից մեկն է: Ունեցել ենք նստաշրջաններ, երբ օրինակ, համեմատության համար նշեմ, խորհրդարանը 300 օրենք է ընդունել»:
Ի տարբերություն նախորդ գումարումների` այս խորհրդարանը պետական բյուջեի քննարկումների վրա էլ երկար ժամանակ չի ծախսել, հաջորդ տարվա գլխավոր փաստաթուղթը ընդունվել է ռեկորդային արագությամբ` քննարկումն ընդամենը մի քանի ժամ է տևել:
«Հիշում ենք քառօրյաներ, որոնք մեկ-երկու օր տևեցին, շատ կարճ տևեցին, շատ աղքատիկ, սեղմ օրակարգերով քառօրյաներ էին, անգամ մեծամասնությունը խորհրդարանական պարզաբանում էր տալիս այդ առնչությամբ», — նշեց նա: