Search
Close this search box.

Թեեւ հաղթել ենք Փարաքարում, բայց պատրաստ ենք նոր ընտրությունների գնալ․ «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը, թեև հաղթել է ավագանու ընտրություններում, պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման՝ ակնկալելով մյուս երկու պարտված ուժերի ողջախոհությունը այս հարցում։ Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։

««Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքարի ավագանու ընտրություններում հավաքել է 49% ձայն՝ ստանալով 10 մանդատ։ Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու առաջին նիստին «Ապրելու երկիր» խմբակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Վալոդյա Գրիգորյանը։

Ավագանու մյուս անդամների կողմից նիստին ձևավորված չեն եղել խմբակցություններ և հնարավորություններ չեն ունեցել առաջարդել համայնքի ղեկավարի թեկնածու, ինչը Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի հստակ պահանջ է։

Արդյունքում Վալոդյա Գրիգորյանի օգտին քվեարկել են 10 կողմ, 0 դեմ և համաձայն Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի 8-րդ մասի համաձայն Վալոդյա Գրիգորյանը ընտրվել է Փարաքար համայնքի ղեկավար։

Այնուհետև, ավագանին անցել է օրակարգի հաջորդ հարցերին և ավարտել առաջին նիստը։

Նիստի ավարտից հետո, որին ներկա էին ավագանու բոլոր անդամները, մյուս երկու ուժերի ավագանու անդամները օրենքի կոպիտ խախտումով՝ գերազանգելով իրենց լիազորությունները, «շարունակել են» նիստը, որտեղ կազմակերպել են «նոր քվեարկություն» և «ընտրել» համայնքի ղեկավար։

Այս կապակցությամբ «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է դիմել իրավապահ մարմիններին՝ ավագանու 11 անդամի կողմից պաշտոնական լիազորությունների անցման հիմքով քրեական գործ հարուցելու հարցով։

Հատկանշական է, որ ՔՊ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, այդ նոր «ընտրություններում» ստացել է 0 ձայն՝ ունենալով ավագանու 6 անդամ՝ ներառյալ ինքը՝ թեկնածուն։

Դեկտեմբերի 23-ին օրենքի ուժով իրականացվել է Վալոդյա Գրիգորյանի երդմակալության արարողությունը, որից հետո ոստիկանությունը արգելել է Վալոդյա Գրիգորյանին և ավագանու մյուս անդամներին մուտք գործել համայնքապետարանի շենք։

Այնուհետև, երդման արարողությանը հրավիրված քաղաքացիները իրականացրել են բողոքի ակցիաներ, որի արդյունքում ոստիկանները բացել են համայնքապետարանի մուտքը։

Մյուս կողմը դիմել է դատարան՝ վիճարկելով ավագանու նիստի իրավազորությունը, դրանով փաստելով, որ նիստից հետո կազմակերպված նիստը ամբողջովին ապօրինի է եղել և հրաժարվում են իրենց «հաղթանակից»։

«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանու առաջին նիստի ընթացքում, անմիջապես դրանից հետո և մինչև այժմ փորձում է իշխանության թեկնածու Դավիթ Մինասյանի հետ քննարկել ստեղծված իրավիճակը և հնարավորինս արագ լուծումներ տալ և միասնական ուժերով օր առաջ լծվել Փարաքար համայնքը զարգացնելու գործին։

Ցավոք, Դավիթ Մինասյանի կողմից մինչև այժմ չկա որևէ արձագանք։

Մենք մեր հաղթանակը պատրաստ ենք ամրագրել նաև դատական ատյաններում, սակայն հաշվի առնելով, որ նման մթնոլորտում հետագա աշխատանքները չեն ունենալու բարձր արդյունավետություն, «Ապրելու երկիր» կուսակցությունը, թեև հաղթել է ավագանու ընտրություններում, պարտաստ է Փարաքար համայնքի ավագանու նոր ընտրությունների անցկացման՝ ակնկալելով մյուս երկու պարտված ուժերի ողջախոհությունը այս հարցում»,- նշված է հայտարարությունում։

Please enter a valid URL