Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որով չպատվաստված աշխատողները որոշակի պարբերականությամբ պետք է պարտադիր ՊՇՌ թեստ հանձնեն իրենց հաշվին:
««ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»,– որոշումը հրապարակելիս հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։
Հետազոտության դիմաց վճարող սուբյեկտների սահմանումը, ՍԴ որոշման համաձայն, «դուրս է առողջապահության նապարարի իրավասության սահմաններից»։
ՍԴ որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով հաստատվել էր, որ հոկտեմբերի 1-ից ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պարտավոր են գործատուին տրամադրել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստում անցնելու մասին տեղեկանք, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ անգամ ներկայացնել ՊՇՌ թեստի պատասխան։ Թեստը պետք է արված լինի փաստաթղթի ներկայացումից առավելագույնը 72 ժամ առաջ:
Դեկտեմբերի 1–ից փոխվեց ՊՇՌ թեստ հանձնելու հաճախականությունը. այժմ աշխատողները պարտավոր են շաբաթը մեկ ներկայացնել թեստի պատասխան։