Search
Close this search box.

Ոստիկանները բացեցին համայնքապետարանի մուտքը

Ոստիկանները քիչ առաջ բացեցին Փարաքարի համայնքապետարանի շենքի մուտքը եւ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը մուտք գործեց շենք։

Նշենք, որ Վոլոդյա Գրիգորյանին ու նրա աջակիցներին այսօր մի քանի ժամ թույլ չեն տվել մտնել համայնքապետարան։

Ավելի վաղ Փարաքար համայնքի բնակիչները փակել էին Զվարթնոց տանող ճանապարհը, եւ պահանջում էին թույ տալ իրենց՝ մտնել համայնքապետարան։

Նշենք, որ Փարաքար համայնքում այսօր նախատեսված էր համայնքապետի երդմնակալության արարողությունը, սակայն ոստիկանությունը փակել է համայնքապետարանի մուտքը: «Ապրելու երկիր» կուսակցությունը, որը համարում է, որ իր թեկնածու Վոլոդյա Գրիգորյանն ընտրվել է համայնքապետ, դրսում, մշակույթի տան դիմաց ամբիոն է տեղադրել եւ կազմակերպել երդմնակալության արարողությունը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ կա դատական վեճ, այդ պատճառով էլ իրավունք չունեն նրանց թույլատրել համայնքապետարանի շենք մտնել։

Այստեղ էին նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության անդամներ Մանե Թանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը: Վերջինս ոստիկաններին խնդրել էր թույլ տալ, որ Վոլոդյա Գրիգորյանը մտնի համայնքապետարանի շենք, քանի որ նա նաեւ ավագանու անդամ է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքում այսօր համայնքապետի երդմնակալության օրն է, սակայն բանն այն է, որ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։

Փարաքար խոշորացված համայնքում անցկացված ընտրությունների արդյունքում 10 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ ստացել է «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, իսկ 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Նախ համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել է «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, օրն ընտրվել է 10 ձայնով: Ըստ «Ապրելու երկրի» պարզաբանման, օրենքը թույլատրում է 40 %-ով ընտրել համայնքապետի համար առաջադրված միակ թեկնածուին։

Դրանից հետո եկել են Դավիթ Մանուկյանի թեկնածությունը պաշտպանող ավագանու անդամները եւ Դավիթ Մինասյանին համայնքապետ են ընտրել 11 ձայնով, որը 50 տոկոսից ավելի է:

Please enter a valid URL