Պաշտոնական Բաքուն դիվանագիտական ուղիներով դիմել է Google-ին՝ պահանջելով հանել Արցախի բնակավայրերի հայերեն անունները։ Մասնավորապես՝ նշել է, թե Google Maps հավելվածի աշխարհագրական քարտեզների վրա «Ադրբեջանի Ղարաբաղի մարզի» տարածքների ադրբեջաներեն անվանումների հետ մեկտեղ նշվում են դրանց «աղավաղված անունները»` հայերենով։
Google-ի ղեկավարությանը ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների «պաշտոնական աշխարհագրական անվանումների ցանկը»։ Այս մասին հայտարարել Է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան։
«Այդ հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, շարունակվում է «խեղաթյուրված» անվանումների վերացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը», — ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների խմբի նստաշրջանում Ադրբեջանը ներկայացրել է զեկույց, որը ներառում է 4589 բնակավայրի պաշտոնապես ստանդարտացված և հաստատված անվանումների ցանկ՝ ադրբեջաներեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով։