«Քաղաքական հայտը հետևյալն է, եթե համամասնական ցուցակով ընտրվում են, դա թիմային, քաղաքական ծրագրի ընտրություն է, դա քաղաքական համակարգի ընտրություն է։ Դա ունի իր տրամաբանությունը․ եթե այս կամ այն քաղաքական ուժի հետ գնացել եք ընտրության ու ստացել եք X ձայներ, պարտավոր եք այդ քաղաքական ուժի հետ շարունակել։ Եթե ունեք անհամաձայնություններ, պետք է հրաժարվեք ու հեռանաք». Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քպ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին:
Դիտարկմանը, որ քաղաքացիներն ընտրել էին նաև այն բանի համար, որ առաջին համարը Հայկ Մարությանն է, մի՞թե չպետք է հանրության շահը հաշվի առնել, պատգամավորն ասաց, որ պետք է հաշվի առնել, իհարկե․ «Սակայն այստեղ երկու հարթակ կա՝ քաղաքական, որն ասացի, երկրորդը՝ այն աշխատանքները, որոնք պետք է կատարվեին, այն ծրագրերը, որոնք պետք է իրագործվեին։ Այդտեղ նույնպես դուք լսեցիք, որ ավագանու շատ անդամներ ասացին, որ կան նման խնդիրներ: Պետք է մոնիթորինգ արվի՝ հասկանալու համար, թե ինչ հնարավորություններ են եղել, այն մուտքերը, որոնք եղել են քաղաքապետարանի հաշիվներին ու այն աշխատանքները, որոնք կատարվել են որքանով են համապատասխանում իրար: Ես՝ որպես Երևանի քաղաքացի, պետք է հասկանամ, շինությունների թույլտվության ինստիտուտը, որը կար, ի՞նչ տրամաբանությունից է բխող եղել»,- ասաց Սուքիասյանը:
Լրագրողների այն հարցին՝ պատրաստ է արդյո՞ք մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին, եթե թիմը նման որոշում կայացնի, Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է.
«Այսպիսի զրույցներ ժամանակին եղել են ժամանակին ես ասել եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսել, քանի որ մարդիկ կան, ովքեր աշխատում են»:
Լրագրողի հարցին՝ ի՞նչ կանի, եթե հիմա նման առաջարկ լինի, պատգամավորն ասաց. «Հարցը ճիշտ չէ: Նախ՝ ընտրությունները լինելու են 2023 թվականին։ Ես՝ ինքս, նման ցանկություն չունեմ, որպեսզի պետական պաշտոն զբաղեցնեմ»։