«Վեդի Ալկո»-ի Մանվելը՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը, վերադառնում է քաղաքական դաշտ, այս օրերին նա զբաղված է Փաշինյանի հանձնարարությունը կատարելով, իր անվամբ դաշինք ու հիմնադրամ է գրանցում, որ մասնակցի Վեդու ՏԻՄ ընտրություններին։
Այս հարցում Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» և Արամ Զավենիչի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների միջև, ասում են, կայացվել է կոնսեսուսային որոշում։
Այս մասին Yerevan.Today-ին հայտնի է դարձել իշխանական օղակներից, գործարարն անձամբ իրեն անծանոթ համարներից զանգերին չի պատասխանում, որ իր հաստատումը կամ հերքումն ստանայինք, բայց իր մերձավոր շրջանակներից ևս հաստատում են նույն տեղեկատվությունը։
Ուրեմն Մանվել Ղազարյանն է լինելու Վեդու ՏԻՄ ընտրությունների իշխանական թեկնածուն, նախորդիվ՝ դեկտեմբերի 5-ին կայացած ու չեղարկված ընտրություններին, իշխանության թեկնածուն կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանն էր, պարտվեց։
Ստացվում է՝ Փաշինյանն այլևս պիտանի չի համարում իր սանիկ Գարիկ Սարգսյանին, վեդեցիներն էլ պնդում են, որ «կոկորդիլոսագետ» Գարիկին մարզում լուրջ չեն ընկալում, ինքն իրենով հեղինակություն չունի, չնայած՝ հեղափոխության ուժով նա այսօր զբաղեցնում է Պետգույքի գլխավոր կառավարչի պաշտոնը, մինչ այդ էլ Արարատի մարզպետ էր դարձել։
Իսկ ինչու գործարար Մանվել Ղազարյանն այս անգամ ներդրվեց խաղի մեջ, թերևս հասկանալի է՝ նա 2008-ին իր պատգամավորական մանդատը պատռելու հայտնի փորձից հետո նախկին իշխանության ներսում լուրջ խնդիրներ ունեցավ, այդ օրվանից «իզգոյ» էր համարվում, իսկ հեղափոխությունից հետո Երևանում իր և որդիների մասնակցությամբ աղմկահարույց ծեծկռտուքի միջադեպից հետո գործարարը ուղնուծուծով դարձել է Փաշինյանի աջակիցն ու համախոհը։
Եթե ի վերջո Գարիկ Սարգսյանը ՔՊ-ով ջառաջադրվի, ուրեմն «Հանրապետությունը» Մանվել Ղազարյանի դեմքով դաշինք կկազմի ՔՊ-ի հետ, այս երկուսին հավանաբար կմիանա ևս մեկ պրոիշխանական ուժ (օրենքի պահանջն է դա) կամ մի մեռած կուսակցության կնիքով քպ-ականների նոր ցուցակ կկազմվի ու կդրվի խաղի մեջ։
Հատկանշական է, որ Վեդիում փետրվարի 13-ին կամ 20-ին նշանակվող կրկնակի ՏԻՄ ընտրություններին այս անգամ մասնակցության հայտ չի ներկայացնի «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, ով դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին մասնակցում էր որպես Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության թեկնածու։
Yerevan.Today-ի տեղեկութամբ՝ նրա առջև իշխանական բարձր օղակներից պայման է դրվել՝ դուրս գալ մրցակցությունից և իր զոհի կերպարով չօգնել ընդդիմությանը, ըստ տարբեր աղբյուրների՝ քաղաքական պայքարից դուրս գալու դիմաց գործարք է առաջարկվել նրան․ քաղաքական դրդապատճառներով «Գոջի» թիմակցի դանահակահարության դեպքով քննությունը կանցկացվի այնպես, որ կստացվի ձեռնտու որոշում։
Հիշեցնենք, պրոիշխանական «Հանրապետություն» կուսակցությունն ուզում էր միանալ քաղպայմանագրին, որպեսզի կոալիցայի հաշվին կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանը դառնար համայնքապետ։ Վեդիում ոչ մի ուժ չէր հավաքել 50+ ձայների մեծամասնությունը, «Վեդեցի Գոջն» իր հավաքած 3346 ձայնով զբաղեցրեց երրորդ տեղը և դարձավ դերակատար։
Մամուլում գրվեց նրան ուղված գայթակղիչ առաջարկների մասին, հոգեբանական և բռնի ճնշումների մասին, ընդհուպ՝ ծեծի՝ «Վեդի ալկո» գործարանի տարածքում։ Բայց «Գոջը» կատեգորիկ հրաժարվեց կոալիցիա կազմել քպ ավագանու հետ՝ այդպիսով Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին մերժելով, չօգնեց նաև ընդդիմության թեկնածու Սպարտակ Թաթիկյանին։
Փոխարենը Նոտարում անցած շաբաթ օրը գրված ինքնաբացարկների դիմումներով «Գոջը» ստիպեց ԿԸՀ-ին անվավեր ճանաչել Վեդու ՏԻՄ ընտրությունները և նոր ընտրություններ նշանակել։
Հաշվի առնելով «Հանրապետություն» կուսակցության ինքանաբացարկի ընդունման ժամկետները՝ փետրվարի 13-ին կամ 20-ին այստեղ կրկին կնշանակվեն ՏԻՄ ընտրություններ։
Yerevan.Today