Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանը ավագանու անդամներին շանտաժի են ենթարկել. կան վկայություններ. Վահե Գևորգյան

Սա բացարձակապես չի բխում Երևանի և ժողովրդավարության շահերից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ընթացքում իշխող «Իմ քայլը» խմբակցությունն անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարեց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը՝ պարզաբանելով, թե ինչու մերժում է այս պրոցեսը։

«Երկրորդ պատճառն այն գործիքակազմն է, այն շանտաժի ու սպառնալիքի լեզուն, որն օգտագործվել է Երևանի ավագանու անդամների կամարտահայտման վրա ազդելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այս քվեարկության արդյունքների օրինականությունն արդեն իսկ կասկածի տակ է դրվում։

«Երեկ բացահայտվեց, որ ավագանու անդամներին շանտաժի և սպառնալիքների ենթարկելով՝ փորձել են ստորագրություններ կորզել, կան վկայություններ, ինչի առիթով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Այս ամենի ընթացքում բացահայտվեց կազմակերպիչների շանտաժային գործելաոճը: Ստիպել են կամ վայր դնել մանդատը, կամ ստորագրել քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծի տակ»,-ասաց Գևորգյանը։

Նա նշեց, որ ավագանու երկու անդամներ՝ Լուսինե Մխոյանն ու Գրիգորի Երիցյանը բարձրաձայնել են, որ «Իմ քայլը»-ից Արմեն Գալջյանն ու Լևոն Հովհաննիսյանը իրենց շանտաժի են ենթարկել»։ «Պարզ դարձավ, որ իրենց միակ մտավախությունը քաղաքապետի՝ աճող և ՔՊ-ի՝ նվազող վարկանիշն է: Պարզ դարձավ, որ նրանք պատրաստ են տարբեր ճնշման լծակներով ավագանու անդամներին դրդել բոյկոտի, եւ զրկել երեւանցիներին նոր տրանսպորտային համակարգից: Պարզ դարձավ, որ նրանց համար անձնական շահը, կարիերան վեր է դասվում ազգային շահից: Նրանք մոռանում են ասել, որ իրենց կապն է խզվել թե հեղափոխության արժեքների, թե հեղափոխության հետ: Ահա թե ինչու են մարդիկ խզում կապը կուսակցության հետ: Այս իրավիճակում ակնհայտ է դառնում, որ այս քվեարկությունը չի կարող լեգիտիմ համարվել, այն պարզ պատճառով, որ անօրինական գործիքակազմ է կիրառվել ավագանու անդամների վրա ազդելու նպատակով»»,-ասաց նա։

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները:

Please enter a valid URL