ՀՀ ԱԽ տխրադալուկ քարտուղար Արմեն Գրիգորյանը յուր ժամանակին, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը խոսում են Երասխ-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գործարկման մասին։ Արմեն Գրիգորյանն ասում էր, թե մենք հնարավորություն ենք ստանալու գնալ Հորադիզ, այնտեղից էլ՝ Ռուսաստան։ Փաշինյանն ասում է, որ Ալիեւի ու ռուսների հետ արդեն պայմանավորվել են դրա մասին, Թբիլիսիում էլ վրացիներին խոստացավ, որ վրաց տրանզիտային շահերը չեն ոտնահարվի։ Հիշվում է՝ նման կերպ Լավրովն էր համոզում Թեհրանին, որ Մեղրիի միջանցքի նախագծով Իրանի տրանզիտային շահերը չեն տուժի։
Թուրքերին սպասարկելու ռեժիմ մտած Մոսկվան իր վրա էր վերցրել Իրանին համոզելու հարցը, ի վերջո Թեհրանը մասնակցեց 3+3 ծաղրանկարային ձեւաչափին։ Վրացիներն առայժմ մերժում են, եւ Փաշինյանը երեւի փորձել է իր վրա վերցնել վրացիներին համոզելու խնդիրը։ Զուր չէ, որ Փաշինյանը Թբիլիսիում չխոսեց Ղազախ-Իջեւան երկաթուղու մասին, որն անցնում է թե Վրաստանով, թե «ադրբեջանի» տարածքով եւ ավելի կարճ ուղի է դեպի Ռուսաստան։
ՀՀ իշխանավորները շարունակում են բարբաջանքները Ռուսաստանի ու Իրանի հետ երկաթուղային կապի եւ այլնի մասին, փորձելով քողարկել բուն խնդիրները, որոնք կապված են Հայաստանը հյուսիս-հարավի արանքում հուսալի փակելու հետ։ Եվ մինչ Փաշինյանն ու Հայաստան դաշինքի աշխարհքաղաքական տեսաբաններից մեկը Նյու Վասյուկիի տեսլական են փորձում կերտել ռուս-թուրք-եվրասիական «նոր իրողություններում», ռուսներն իրենք են ասում, թե ինչ է նախատեսված Հայաստանի համար՝ հայկական շահերի ու պահանջների բացառում, երկրի նոր գաղութացում, ռուս-թուրքական պակտերով սահմանների ճանաչում։
Ռուսական ծրագրերին հավատարմություն հայտնած ուժերը լինելու են Երասխ-Հորադիզ, այնտեղից էլ Ռուսաստան գնացքի առաջին ուղեւորները։ Ըստ տեղեկությունների՝ ՌԴ դեսպան Կոպիրկինը ներկայիս խորհրդարանի կազմը քվոտավորել է նաեւ այդ պայմանով։
lragir.am