Search
Close this search box.

Հնարավորություն տալ Աշոտ Մինասյանին և Առուշ Առուշանյանին գալիք տոները նշելու իրենց տանը. Սյունյաց թեմի կոչը

Հայ Առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը կոչով դիմել է ՀՀ դատաիրավական համակարգին.

«Հետպատերազմյան դժվարին իրավիճակի, դառը հարվածների և նեղությունների դիմագրավման ծանրագույն ժամանակահատվածում, երբ թվում է՝ ավելի քան երբևէ, պետք է բռունցք դառնայինք և միասնաբար պայքարեինք՝ ազգային-հայրենական մեր կյանքի այս վճռորոշ շրջանին բաժին հասած դժվարությունները հաղթահարելու և մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար, մենք ականատես ենք լինում հող հայրենին պաշտպանելու հարցում իրենց պատրաստակամությամբ և սկզբունքայնությամբ աչքի ընկած արժանապատիվ հայորդիների նկատմամբ իրականացվող շղթայական հետապնդումների: Ուստի մեզ խորապես մտահոգում են աստվածաշունչ «Մի՛ փոփոխիր քո հայրերի հաստատած հավիտենական սահմանները» պատգամին հավատարիմ մեր հավատավոր զավակների նկատմամբ ՀՀ դատաիրավական համակարգի կողմից շարունակ ցուցաբերվող ընտրովի մոտեցումները:

Խոսքը մասնավորապես Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հանդեպ իրականացվող բացահայտ ճնշումների մասին է, որոնց նպատակն է լռեցնել իշխանության ընդդիմախոսներին և նրանց թույլ չտալ համայքների բնակչության հետ ամուր կանգնել հայրենի հողի պաշտպանության դիրքերում:

Վերոնշյալ հանգամանքները հաշվի առնելով, ինչպես նաև նկատի ունենալով այն փաստը, որ մեր երկիրը մարդասիրական վերաբերմունք է ցուցաբերում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ՝ իբրև բարի կամքի դրսևորում ազատ արձակելով նրանց՝ Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը հույս է փայփայում, որ մեր դատական համակարգում կգտնվեն հավատավոր քրիստոնյաներ, որոնք, քրիստոնեական նույնպիսի մարդասիրությամբ լցված, օրենքների արդարացի կատարմանը հետևելով, Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ հնարավորություն կտան նաև հայրենի հողի համար պայքար մղած հայորդիներին գալիք տոները նշելու իրենց տանը ընտանքի ջերմությամբ շրջապատված ճիշտ այնպես, ինչպես մեր հող ներխուժած դիվերսանտներին շնորհվեց ազատությունը վայելելու ու ընտանեկան ջերմությունը զգալու պարգևը:

Աղոթքով հայցում ենք, որ Բարձրյալ Տերը մարդասիրությամբ ու արդարամտությամբ լցնի պետական այրերի սրտերն ու մտքերը, որպեսզի մեր երկրում ամրանան արդարությունը, խաղաղությունը, քրիստոսապատվեր սերն ու հայրենիքին պատուհասած հերթական վտանգին միասնաբար դիմակայելու ձգտումը: ԱՄԵՆ:

Սիրով և հույսով լեցուն՝

Սյունյաց թեմ

Հ.Գ. Սա քաղաքական հայտարարություն չէ, այլ մարդասիրական և ազգասիրական կոչ՝ հանուն արդարության, հավասարության, համերաշխության, խաղաղության և միասնության»:

Please enter a valid URL