Ն«Քվանտային կախազարդեր», «իոնային վզնոցներ» եւ այլ ապրանքներ, որոնք բնութագրվում են որպես «5G բջջային ցանցի ազդեցությունից պաշտպանության միջոցներ», ճառագայթում են եւ վտանգավոր են առողջության համար, զգուշացրել է Նիդեռլանդների միջուկային անվտանգության եւ ճառագայթային պաշտպանության գործակալությունը, գրել է BBC-ի ռուսական ծառայությունը։
Գործակալությունը հրապարակել է վաճառքի համար մատչելի, այսպես կոչված, «պաշտպանիչ» աքսեսուարների ցուցակը, որոնք, հետազոտության արդյունքներով, ռադիոակտիվ են ճանաչվել։
«Չափումները ցույց են տվել, որ այս կոնկրետ առարկաներից ճառագայթման մակարդակը ցածր է: Այնուամենայնիվ, եթե մարդը երկար ժամանակ կրում է դրանք, նա պոտենցիալ կերպով ենթարկվում է վնասակար ճառագայթման՝ գերազանցելով Նիդեռլանդներում գործող խիստ չափանիշները», — ասվում է գործակալության հայտարարության մեջ:
ANVS-ը հորդորել է «քվանտային կախազարդերի», «առողջության ապարանջանների», քնի դիմակների եւ «բացասական լիցքավորված» իոններով վզնոցների տերերին անհապաղ դադարեցնել դրանց օգտագործումը եւ դրանք ապահով վայրում պահել։ Նիդեռլանդների գերատեսչությունը ծրագրում է շուտով ռադիոակտիվ նյութերի անվտանգ վերադարձի համար հրահանգներ թողարկել։