Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։ Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։
Քվեարկությունը մեկնարկել էր դեկտեմբերի 17-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները:
Քվեարկությունն ավարտվեց մրցույթի օրը՝ շոուից անմիջապես առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա:
Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը 10-ական միավոր ստացավ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, 5-ական միավոր՝ Վրաստանից, Մալթայից, 12 միավոր՝ Լեհաստանից, Պորտուգալիայից, 2-ական միավոր՝ Բուլղարիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, 6-ական միավոր՝ Ռուսաստանից, Ղազախստանից, Ալբանիայից, 7-ական միավոր՝ Իռլանդիայից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, 8 միավոր՝ Սերբիայից:
Մեր երկիրն իր 12 միավորը տվեց Վրաստանի մասնակցին:
Հեռուստադիտողի քվեարկության արդյունքում Մալենան վաստակեց 109 միավոր:
«Դա հիասաքանչ է, եւ ես շատ ուրախ եմ, որ ունեմ երկրորդ հնարավորությունը ներկայացնելու իմ երկիրը։ Ես դրան սպասել եմ յոթ տարի․․․ դա իմ երազանքն է եղել»,- Մալենայի խոսքերը մեջբերել էր «Մանկական Եվրատեսիլի» պաշտոնական կայքը, որում հրապարակվել են նաեւ լուսանկարներ Փարիզում Մալենայի ունեցած առաջին փորձից։