Այս իշխանություններին ոչինչ չի հաջողվի, նրանք անցել են բոլոր կարմիր գծերը, նրանք երանի են տալու ընտրություններով հեռանալու հնարավորությանը։ Այս մասին դեկտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջեւ բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա գնահատմամբ՝ կապիտուլյանտի ղեկավարած թիմը ցանկանում է Հայաստանում հաստատել ավտորիտար ռեժիմ։
«Ընտրություններից հետո կապիտուլյանտը փորձում էր իր պարտությունը ներկայացնել որպես ժողովրդավարության հաղթանակ։ Կառավարող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում տարբեր համայնքներում պարտություն է գրանցել, եւ հիմա ամենաստոր քաղաքական-քրեական մեթոդներով դիմում է ռեպրեսիաների ՏԻՄ՝ ժողովրդի կողմից ընտրված առաջնորդների դեմ։ Մինչ այդ նրանք զուտ քաղաքական նպատակներով մտցրին նրանց ժամանակավոր պաշտոնակատարների ինստիտուտը, հետո համայնքների խոշորացում կատարեցին, հետո դիմեցին փոփոխությունների, որպեսզի անազատության մեջ գտնվող տեղական առաջնորդների փոխարեն կարողանան նշանակել պաշտոնակատարների։ Սա մի անձի բռնապետության, բռնապետի տնազի իշխանություն է։ Մենք դա թույլ չենք տա»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր գտնվում են կապիտուլյանտի կողքին, Երեւանի օրինակով պետք է համոզվեն, որ նա ոչ դաշնակիցներ ունի, ոչ թիմակիցներ։
«Նա բոլորին ծախելու է։ Այնպես որ՝ որքան շուտ մարդիկ կանգնեն արժանապատիվ քաղաքացիների կողքին, այնքան լավ»,- ասաց Մամիջանյանը։