ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ հոգաբարձուների նիստի քվեարկության արդյունքներով 19 կողմ, 5 դեմ ձայներով 5 տարի ժամկետով ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում։
Դիտարկմանը, որ մինչ այս ասում էր, թե չի հավակնում ԵՊՀ ռեկտորի պաշտոնին, ի՞նչ փոխվեց, Հովհաննես Հովհաննիսյանը հորդորեց մանիպուլյացիաների չենթարկվել։
«Ժամանակին, երբ խոսք էր գնում ու հարցնում էին՝ հավակնում եմ այս պաշտոնին, թե ոչ, ասում էի, որ այս պահին նման պլան չկա։ Դա եղել է երկու տարի առաջ։ Հետագայում մարդկանց ծրագրերը փոխվում են։ Շատ բաներ փոխվեցին, և ես գտա անհրաժեշտությունը, որ պետք է գամ ԵՊՀ։ Կարծում եմ՝ իմ աշխատանքի 4 ամսվա ընթացքում ապացուցել եմ հօգուտ ԵՊՀ-ի, որ իմ այստեղ լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ նիստն անցել է լավ մթնոլորտում, հնչել են բազմաթիվ հարցեր, թե ինչպես է պատկերացնում նոր կրթական ծրագրերը, կրթության որակի բարելավումը, ինչ բարեփոխումներ է պատրաստվում անել։
Դիտարկմանը՝ պատրաստվու՞մ է շարունակել հայագիտության դեմ արշավը, Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ երբևէ նման արշավ չի եղել։