«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Թեեւ Երեւանի համայնքապետի ընտրություներին դեռ տարիուկես ժամանակ կա, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են քաղաքապետի թեկնածուների անուններ շրջանառել՝ հասկանալու համար, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ:
Քաղաքապետի ընտրության մասին խոսակցություններն ակտիվացել են նաեւ Հայկ Մարությանի նկատմամբ իշխանության կողմից սկսված անվստահության գործընթացից հետո: Թե ով կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ապագա ընտրությունների ժամանակ, հստակ չէ։ Անհայտ է նաեւ, թե հետագայի համար ինչ ծրագրեր ունի Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի համայնքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս պաշտոնում ի սկզբանե կուսակցության համահիմնադիր, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելայնի թեկնածությունն է դիտարկվել, բայց Ռուբեն Վարդանյանը, ում անունը կապվում է վերանոշյալ կուսակցության հետ, հավանություն է տվել նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի թեկնածությանը: «Որպես կին հասարակական գործիչ, Արցախում որոշ ժամանակ աշխատած պաշտոնյա, ապագայում, ինչու ոչ, որպես Երեւանի կին քաղաքապետ, Վարդանյանն ավելի նպատակահարմար է գտնում այդ աթոտին Թանդիլյանին տեսնել»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի կամ Մանե Թանդիլյանի հետ, նրանք սակայն մեր թե՛ հեռախոսազանգերն անպատասխան թողեցին, թե՛ հաղորդագրությունները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նրանք լրատվամիջոցների հետ պարզապես չեն շփվում: Բայց եթե մեր հարցերին պատասխանելու ժամանակ չունեն, ապա կարող են գոնե կուսակցության մամուլի քարտուղար նշանակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում