Վարչապետի հետ քննարկեցինք Երեւանի քաղաքապետարանի եւ քաղաքապետի առնչությամբ ստեղծված քաղաքական ճգնաժամը: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով խմբակցության անդամների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը քիչ առաջ ավարտվել է:
Գալջյանը հայտնեց, որ շուտով կտարածվի հայտարարություն, բայց նաեւ նկատեց, որ քաղաքական ուղենիշի տարբերություններ են առկա:
«Պարոն Մարությանն արդեն մեկ տարի է՝ 2020թ. նոյեմբերից, դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, որից հետո քաղաքական ճգնաժամ է սկսվել: Մոտ մեկ տարի փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, բայց, ցավոք սրտի, դա չի հաջողվել մեզ: 2018թ. պարոն Մարությանը դարձել է ՔՊ անդամ, որից հետո կուսակցության վարչությունը նրան առաջադրել է որպես քաղաքապետի թեկնածու, տեղի է ունեցել քարոզարշավ՝ հիշում եք՝ ինչպիսի քարոզարշավ է եղել, եւ երկու տարի անց պարոն Մարությանը դուրս է եկել կուսակցությունից, ինչը քաղաքականապես անտրամաբանական է»,- նշեց Գալջյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է կոնկրետ դրսեւորվել այդ ճգնաժամը, ինչպե՞ս է Մարությանի՝ կուսակցությունից դուրս գալն ինչպե՞ս է դա իր վրա ազդել երեւանցին, խմբակցության ղեկավարը նկատեց.
«Դա, միգուցե, հաճախ չի արտահայտվել, քաղաքացիները չեն նկատել, բայց թե՛ կառավարության հետ փոխհարաբերություններում, աշխատանքային տարբեր հարցերում, թե՛ Երեւանի ավագանու հետ հարաբերություններում, ուղղակի մենք դա հանրային կերպով չենք դրսեւորել»,- նշեց Գալջյանը: