Search
Close this search box.

Կալանքից ազատված Մխիթար Զաքարյանը երդվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, երդվեց ԱԺ ամբիոնից․ «Երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային և համամարդկային արժեքների պահպանման համար»։

Զաքարյանը հայտարարեց, որ ցանկանում է նաև հնչեցնել իր առաջին կոչը․ «Ազատություն Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս բոլոր գործընկերներին»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 10-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը առանց դատարանի որոշման ազատ արձակվեցին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

Պատճառը Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 9-ի որոշումն է, որով արձանագրել է՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ:

Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և կատարել է պաշտոնական կեղծիք։

Please enter a valid URL