Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը և պայմանավորվածությունը: Կառավարության դեկտեմբերի 16-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում, որոնք համանախագահում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը:
Երկրի ղեկավարը հիշեցրեց, որ պայմանավորվածությունը արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, և Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպմանը, ըստ էության, այս ամենն արձանագրվեց:
«Ընդգծում եմ, որ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն` փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո: Հայաստանը այս երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի հետ»,- ընդգծեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե Հայաստանին հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ և հաջողվի հասնել սահմանի և կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ՝ հիշեցնելով Երասխ-Գյումրի-Կարս երկաթուղու մասին:
«Իհարկե, մինչև բուն շինարարությունը մեծ աշխատանք կա անելու, նախագծելու, մրցույթներ հայտարարելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու: Իհարկե, այդ աշխատանքի մի մասը արված է, բայց հիմա մենք պետք է արդեն գործնական և ամենօրյա աշխատանքով լուծենք այս խնդիրը: Իհարկե, ավելի նեղ կազմով խորհրդակցություններ կանենք առաջիկա օրերին, որպեսզի ավելի կոնկրետացնենք մեր պատկերացումները, ժամանակացույցը և ճանապարհային քարտեզը: Մեր մտադրությունը և ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին: Չեմ ուզում գերագնահատել այս պայմանավորվածության և նախագծի նշանակությունը, բայց մյուս կողմից չեմ ուզում թերագնահատել. սա մի կարևոր պայմանավորվածություն է, որը, իհարկե, ես հույս ունեմ ճշգրիտ ձևով մենք կիրագործենք, որը էականորեն կփոխի տարածաշրջանի տնտեսական, ներդրումային, քաղաքական և անվտանգային միջավայրը և մենք առաջիկայում պետք է կենտրոնանանք նաև այս խնդրի լուծման վրա»,- եզրափակեց Փաշինյանը: