Search
Close this search box.

Հայկ Մարությանին առաջիկա օրերին պաշտոնանկ կանեն. ավագանու անդամները ստորագրություն են հավաքում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ամենայն հավանականությամբ առաջիկա 10 օրվա մեջ պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները՝ նշելով, որ քաղաքապետարանի ավագանու 60 անդամից մոտ 48-ը համապատասխան ստորագրություն են հավաքել, ընդ որում, ոչ միայն իշխանական խմբակցությունից։ Ըստ մեր զրուցակցի, «Մարությանի պաշտոնանկության գործընթացի համար ավագանու ներսում մի քանի պատճառ են նշում»։

Առաջին պատճառը պատերազմից անմիջապես հետո նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալն է, որից հետո նա արդեն շուրջ մեկ տարի է, ինչ քաղաքական չեզոք դիրքից է հանդես գալիս, խորհրդարանական ընտրություններին ոչ մի կերպ չաջակցեց իշխանությաններին և արդեն հակաիշխանական դաշինքի մաս կազմելու նախանշաններ է ցույց տալիս։ Ըստ մեր աղբյուրների, «ավագանու անդամները քաղաքի ղեկավարությանն են վերագրում որոշակի կոռուպցիոն դրսևորումների, որոնք կան քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներում»։ Մեր զրուցակիցը հավելեց, որ «Մարության-Քոչարյան կապի մասին տեղեկություններն այս պատմության վերջին կաթիլն են դարձել»։

Ինչևիցե, Մարությանի պաշտոնանկության հարցը կարծես թե հասունացել է, և եթե չլինի հակառակ քաղաքական որոշում, ինչը քիչ հավանական է, կամ Մարությանը սեփական կամքով չհեռանա, ապա նա քվեարկությամբ առաջիկայում պաշտոնանկ կարվի։

Please enter a valid URL