Search
Close this search box.

Ողբերգական դեպք. կա 1 զոհ, 1 վիրավոր. ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում ՝ Փարաքար գյուղի վարչական տարածքում, բախվել է կայանված Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենային, ապա առաջ ընթացել և բախվել Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա անչափահաս ուղևորին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանը: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի դի տեղափոխող ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը: Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Վանիկ Չովուշյանն ու տեսուչ Ալբերտ Ղազարյանը:

Վերջիններս սահմանազատել են տարածքը: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, այդ թվում՝ մահացածի, և վիրավորի ինքնությունը:

Please enter a valid URL