Մոլդովայից հայկական ավիացիոն շուկա վերջերս ներմուծված Flyone Armenia ավիաընկերության այսօրվա անդրանիկ չվերթը՝ Երևան-Մոկսվա ուղղությամբ, չեղարկվել է։ Պատճառը, մեր տեղեկությամբ, այն է, որ Ռուսաստանը թույլտվություն չի տվել այս ընկերությանը թռիչքներ իրականացնել ՌԴ քաղաքներ։
Թռիչքը նախատեսված էր այսօր առավոտյան ժամը 7։00-ին, և երեկ գիշերվա դրությամբ «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն համակարգում նշված էր, որ թռիչքը կայանալու է ժամանակին, սակայն այսօր արդեն նշված է, որ չեղարկվել է։
Ընդ որում, այսօր նաև Flyone Armenia-ն Մոսկվա-Երևան չվերթ ուներ, ժամանումը նշված էր ցերեկը՝ 13։45, սակայն դա էլ է չեղարկվել։ Երեկ ամբողջ օրը այս ընկերությունում աժիոտաժ էր, մեզ ասացին՝ քաղավիացիայի աշխատակիցներին մինչև ուշ գիշեր պահել են իրենց մոտ՝ պահանջելով ամեն ինչ անել, որ կարգավորեն խնդիրն ու ստանան թոuյլտվություն Մոսկվայից, սակայն այդպես էլ չի հաջողվել։
Եվ այսօր Flyone Armenia-ի՝ էժան ավիատոմսեր գնած ուղևորները կանգնել են փաստի առաջ՝ թռիչքը չեղարկվել է։ Ընկերությունից մեկնաբանություն ստանալ չի հաջողվում։
Հիշեցնենք, որ Flyone Armenia ընկերությունը պատկանում է իշխանական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Նրանք այս օրերին մեծ PR արշավ իրականացրին, Տիգրան Ավինյանն ու իշխանական այլ դեմքեր լծված էին մոլդովական ընկերության նորամուտը հայկական շուկա գովազդելով, սակայն մեկնարկը եղավ ֆալշ-ստարտով։
Մենք փորձեցինք Քաղավիացիայի կոմիտեից մեկնաբանություն ստանալ, սակայն այնտեղից ևս մեր զանգերին պատասխանող չեղավ։ Flyone Armenia-ի պաշտոնական կայքում նշված հեռախոսահամարը ևս չի պատասխանում։
«Հրապարակ օրաթերթ»