Այն բանից հետո, երբ քաղաքապետարանը նախորդ օրը հայտարարեց ավտոբուսների հերթական խմբաքանակի՝ 63 նոր մեքենայի շահագործման մասին, իշխանությունը, հավանաբար, լրջորեն մտահոգվեց, որ Հայկ Մարությանի վարկանիշը կարող է «անընդունելի չափերով» բարձրանալ, եւ իր խիստ դժգոհությունը հայտնեց քաղաքապետից:
«Պարզվում է», որ ՔՊ-ի միջոցով իր պաշտոնը զբաղեցրած Մարությանը մի տարի առաջ է շեղվել «միակ ճիշտ ուղուց», կասկածելի կապեր ունի Արթուր Ալեքսանյանի եւ Սեյրան Օհանյանի հետ, եւ ընդհանրապես՝ շուտով ՔՊ-ն (այսինքն՝ Փաշինյանը) կորոշի, թե ինչպես վարվել այդ անշնորհակալ պաշտոնյայի հետ: Հետաքրքիր «զուգադիպությամբ» հաջորդ իսկ օրն ավտոբուսների վարորդները գործադուլ արեցին՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը:
Քաղաքական առումով ինձ համար Մարությանը նույնպիսի բոցավառ «բոլշեւիկ» է, որպիսիք են Փաշինյանի շրջապատի մեծ մասի ներկայացուցիչները: Նրան է, մասնավորապես, պատկանում հասարակությանը «սեւերի եւ սպիտակների» բաժանելու «հեղինակային իրավունքը»: Նրա կերպարն ինձ մի քիչ հիշեցնում է 1930-ականների սկզբի Լենինգրադի ղեկավար Սերգեյ Կիրովին, որը մյուս ստալինյան ղեկավարներից ոչնչով չէր առանձնանում (օրինակ, «տրոյկայի» անդամ էր): Բայց իր անձնական շարմի եւ հռետորական արվեստի շնորհիվ նա Լենինգրադի բնակիչների շրջանում որոշակի ժողովրդականություն էր վայելում, ինչն, իհարկե, առաջացնում էր Ստալինի խանդը: Ի վերջո, Կիրովին սպանեցին, եւ այդ սպանությունն առիթ դարձավ զանգվածային բռնաճնշումների:
Բարեբախտաբար, մենք ապրում ենք ավելի հումանիստական դարաշրջանում, եւ արդի հայաստանյան բոլշեւիկների զենքը կոմպրոմատն է: Սպասելի է, որ շուտով տեղեկություններ կհայտնվեն, որ քաղաքը սարսափելի վատ վիճակում է (իրականում դա այդպես չէ. քաղաքապետարանի աշխատանքը կարելի է գնահատել «3-»-ի): Բացառված չէ նաեւ, որ Սիլվա Համբարձումյանը հայտարարի, որ Մարությանին կաշառք է տվել: Բայց քաղաքականությունը՝ մի կողմ: Որպես մարդ, որն օգտվում է Երեւանի քաղաքային տրանսպորտից, ինձ համար, ճիշտ ասած միեւնույն է, Մարությանը ՔՊ-ից է, Դաշնակցությունից է, թե վերակազմյալ հնչակներից:
Ինձ պետք է, որ ես տրանսպորտում կանգնեմ ողջ բոյով եւ ոչ թե «շախմատի ձիու» տեսքով: Ինձ պետք է, որ կանգնելիս՝ շնչելու տեղ ունենամ, իսկ իջնելիս՝ ստիպված չլինեմ «վարորդի ուղղությամբ ճանապարհ հարթել»՝ ուղեվարձը վճարելու համար, այլ ինչ-որ մի տեղից գնեմ մեկ միասնական «մշտական»՝ տրանսպորտի բոլոր ձեւերի (նաեւ մետրոյի) համար ու այլեւս ուղեվարձի մասին չմտածեմ: Ես երազում եմ, որ քառորդ դար ընդմիջումից հետո Երեւանը կարողանա, վերջապես, շահագործման հանձնել մետրոյի նոր կայարանը Աջափնյակում:
Արամ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից