Գերիների հարցը մեր օրակարգում համար մեկ հարցն է մնում, քանի դեռ Ադրբեջանում պահվող գերիներ կան, ցանկացած քննարկման մեջ այդ հարցի քննարկումը պետք է լինի առաջնային: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացվելու է Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցը:
Քոչարյանը հորդորեց գերիների հարցը հանել ներքին օրակարգից, որպեսզի արագ լուծվի.
«Գերիների հարցով զբաղվում են, եթե չզբաղվեին գերիների վերադարձ չէր լինի»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ռուսական կողմի միջնորդությամբ են միշտ հայ գերիները վերադառնում, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց.
«Լու՞րջ, միայն Ռուսաստա՞նն է զբաղվում, իսկ Հայաստանը չի զբաղվում»,-ասաց Քոչարյանը:
Վերջինս խուսափեց պատասխանել լրագրողի հարցին, թե կալանավորված գերիների փաստաբանը պնդել է՝ գերիները բավարար փամփուշտ չեն ունեցել, հետ նահանջը չի կազմակերպվել.
«Դուք շատ վատ հարց եք տալիս, այդ հարցին ոչ միայն չեմ պատասխանի, այդ հարցն իր մեջ մեծ վտանգ է պարունակում։ Այսօր էլ սահմանին ծառայում են մեր զինվորները, դուք փամփուշտ լինել-չլինելուց եք խոսում, փաստաբանի տեսակետ եք մեջբերում»,-ասաց նա: